Մաքսազերծման մենաշնորհին կփոխարինի քաղաքակիրթ պետական ընկերությունը

Կգանձվի նույնքան գումար այնքան, ինչ նախկինում, բայց` արդեն առանց խարդախությունների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Հայաստանի կառավարությունը պատրաստվում է ստեղծել մաքսային ձևակերպման (բրոքերիջ) հարցերով պետական ընկերություն։ Ինչպես հայտարարեց Sputnik Արմենիայի թղթակցին Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, ընկերությունը շուտով կստեղծվի։

«Սեքյուրիթի Դրիմը» և «Էլիփսը» պետությունից հափշտակել են 1 միլիարդ 15 միլիոնից ավելի գումար

«Մենք ցանկանում ենք մինչև ամսվա վերջ նախապատրաստել կառավարության որոշումը», — հայտարարեց նա։

Ընկերությունը կզբաղեցնի «Նորֆոլկ քոնսալթինգի» տեղը։ Այդ ընկերությունը վերջին տարիներին գրեթե միանձնյա կազմակերպում էր ապրանքների մանրածախ  խմբաքանակների մաքսազերծում։

Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն ընկերությունում անցկացրել է ստուգումներ, հայտարարելով, որ առևտրականներից վճարումներն ընդունվել են առանց փաստաթղթերի, իսկ մի շարք դեպքերում` ապրանքների մաքսային արժեքը նվազեցվել է։

Ընկերությունը կապում են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ։

Նոր կառավարության մտահաղացմամբ՝ ընկերությունը մաքսային ձևակերպման համար կգանձի նույն գումարը (ապրանքի արժեքի 0,7 տոկոսը), բայց արդեն փաստաթղթերով և առանց խարդախությունների։