Լենինն ու Շուշանիկ տատը. դերասան Մանուչարովը բացահայտել է ընտանեկան գաղտնիքները

Հայտնի դերասան և հաղորդավար Վյաչեսլավ Մանուչարովը պատմել է իր հայկական արմատների, Երևան մեկնելու և հայ մաֆիոզի դերի մասին։
Sputnik

Ալեքսեյ Ստեֆանով, Sputnik

Վյաչեսլավ Մանուչարովը հայտնի դարձավ 2009թ-ին, երբ էկրան բարձրացավ «Քնքուշ մայիս» (Ласковый май) ֆիլմը։ Նա խաղում էր հանրահայտ խմբի պրոդյուսեր Անդրեյ Ռազինի դերը։ Կինոյից բացի, Մանուչարովը խաղում է Ա. Ռայկինի անվան էստրադայի թատրոնում և անտրեպրիզներում։ Շատերը դերասանին գիտեն «Մեծ տարբերություն» հեռուստաշոուից, որում նա մարմնավորում էր հայտնի մարդկանց։

Քչերին է հայտնի, որ ժամանակին Վյաչեսլավի ազգանունը գրվել է Մանուչարյանց, իսկ նրա Շուշանիկ տատը եղել է Լենինի անձնական գրադարանավարը։

Актер Вячеслав Манучаров на съемках сериала телеканала НТВ "Декабристка

Շուշանիկի և Վլադիմիր Իլյիչի «մեծ կապը»

«Մեր ընտանիքում շատ հազվագյուտ իրեր են մնացել տատիկիցս։ Օրինակ` Վլադիմիր Իլյիչ Լենինի դիմանկարը` հակառակ երեսին Լենինի գրությամբ։ Լենինը շատ ջերմ հարաբերությունների մեջ է եղել Շուշանիկի հետ և «դու»-ով է խոսել նրա հետ։ Իմ լավ ծանոթը` նորաձևության պատմաբան Ալեքսանդր Վասիլևը, իմանալով այդ մասին, ասաց. «Դա կարելի է օգտագործել։ Ասել, որ նրանց միջև մեծ կապ է եղել»։ Ես պատասխանեցի, որ գուցե նրանք մտերիմ են եղել, բայց միայն որպես համախոհներ», — Sputnik Արմենիային պատմեց Ռուսաստանի վաստակավոր դերասան Մանուչարովը։

Актер Вячеслав Манучаров на съемках сериала телеканала НТВ "Декабристка

Լենինի դիմանկարը երկար տարիներ կախված է եղել դերասանի ընտանեկան առանձնատանը` Մալախովկայում։ Վյաչեսլավը պահում է Լենինի ստորագրած հրամանը, որում նա խնդրում է Շուշանիկ Մանուչարյանցին հողատարածք հատկացնել։ Ճիշտ է` հողատարածքը ստիպված են եղել վաճառել։ Նոր տերերը շատ են խնդրել իրենց թողնել դիմանկարը։

«Բայց մենք չէինք կարող դա անել, դիմանկարը պատկանում է ոչ միայն մեզ, այլ նաև մեր թոռներին ու ծոռներին։ Նոր տերերին նվիրեցինք պատճենը», — բացատրում է դերասանը։

Հայտնի չէ, թե երբ է Շուշանիկ տատը ծանոթացել Լենինի հետ։ Հնարավոր է` դա տեղի է ունեցել Կապրի կղզում, որտեղ նա մի քանի տարի ապրել է և սերտորեն շփվել Մաքսիմ Գորկու հետ։ Գուցե Սանկտ Պետերբուրգում, որտեղ սովորել է և մտերմացել ընդհատակյա մարքսիստական խմբակների անդամների հետ։ Հեղափոխությունը նա դիմավորել է Ռուսական կայսրությունում։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո սկսել է աշխատել Պետրոգրադի հեռագրային գործակալության գրական բյուրոյում։ 1920թ-ին առաջարկ է ստացել դառնալ Լենինի անձնական գրադարանավարը, և նա տեղափոխվել է Կրեմլ։

Բոլոր հայերն ազգականներ են

Վյաչեսլավ Մանուչարովը ծնվել և մեծացել է Մոսկվայում, Երևանում եղել է ընդամենը երկու անգամ։ Երկու անգամ էլ մեկնել է ինքնաբուխ` սրտի կանչով։

Вячеслав Манучаров

«Ութ տարի առաջ մենք ընկերներով հանգստյան օրերին մեկնեցինք Հայաստան։ Ապշեցի, թե ինչ անհավանական գեղեցիկ երկիր է Հայաստանը, ինչ հիասքանչ քաղաք է Երևանը։ Այն ինձ հիշեցրեց ինչ-որ իտալական ֆիլմի դեկորացիա։ Իսկ մարդիկ որքա՜ն սրտաբաց են, ի՜նչ խոհանոց է։ Հաճելի է թեկուզ հեռավոր, բայց կապ ունենալ այդ հիանալի երկրի հետ` իր հնագույն մշակույթով», — ասում է դերասանը։

Մանուչարովը կարծում է, որ «աշխարհում բոլոր հայերը ազգականներ են»։ «Յոթ տարի առաջ զբոսնում էի Նյու Յորքում, ինձ մի աղջիկ մոտեցավ և ասաց. «Իսկ մենք բարեկամներ են»։ Ես զարմացած ասացի. «Իսկ ձեր ազգանունն ի՞նչ է»։ «Մանուչարյանց», — պատասխանեց նա։ Ես այլևս նրան չտեսա, բայց հասկացա, որ նույնիսկ Ամերիկայում ես ազգականներ ունեմ», — պատմում է դերասանը։

Մանուչարովը նկարվել է մոտ 40 ֆիլմում։ Վերջերս ռեժիսոր Սերգեյ Բոբրովը հրավիրել է նրան իր նոր նախագիծ։ Մանուչարովը հանդես է գալու մաֆիայի անդամ հայի դերում։