Հայաստանը` ուղղաթիռի բարձրությունից. «Արմենիան հելիքոփթերսը» չվերթեր կիրականացնի երկրում

Ընկերությունը ամերիկյան և եվրոպական ուղղաթիռներով ոչ կանոնավոր չվերթեր կիրականացնի ինչպես Հայաստանում, այնպես էլ ՀՀ–ից դուրս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանը հունիսի 21-ին օդանավ շահագործողի վկայական է հանձնել Հայաստանում հիմնադրված «Արմենիան հելիքոփթերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Այդ մասին նշված է ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության կայքում։

Մոսկվա–Երևան չվերթի ինքնաթիռը հազիվ է խուսափել մեկ այլ ինքնաթիռի հետ բախումից

Ընկերությունն այսուհետ ամերիկյան Robinson R66 և մոտ ապագայում նաև եվրոպական AIRBUS EC130T2 ուղղաթիռներով ոչ կանոնավոր (չարտերային) չվերթեր կիրականացնի ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ ՀՀ քաղաքացիներին և զբոսաշրջիկներին հնարավորություն ընձեռելով տեսարժան վայրերը բացահայտել թռչնի թռիչքի բարձրությունից:

Ընկերության գործունեությունը կարող է նպաստել Հայաստանում փոքր ավիացիայի զարգացմանը և Հայաստանի հանդեպ զբոսաշրջիկների հետաքրքրության բարձրացմանը:

Հիշեցնենք, որ ընկերությունը նախատեսում է առաջիկա երեք տարիների ընթացքում իրականացնել շուրջ 10 մլն դոլարի ներդրում և ստեղծել նոր աշխատատեղեր: