ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունում հերթական չարաշահման փաստով քրեական գործն է հարուցվել։ Դատախազությանը ներկայացված փաստերը հետաքրքիր իրողություն են ի հայտ բերել։ Պարզվում է` 2016-2017թթ. ընթացքում կատարված ճանապարհային երթևեկության խախտումները կատարել են մարդիկ, որոնք Հայաստանում ոչ մի գույք և ունեցվածք չունեն, հետևաբար նրանցից տուգանքի գումարը գանձել ուղղակի հնարավոր չէ։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Գույք կամ եկամուտներ չունեցող 89 վարորդներից շատերը տաքսի ծառայություններում գրանցված վարորդներ են։
Այսպիսով, 375.527.825 ՀՀ դրամի տուգանքները հասցեատեր ունեն, բայց վճարող չունեն։
«Փաստացի պետական ծառայություն իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձինք, շուրջ 2 տարի շարունակ 89 ֆիզիկական անձի անվամբ ձևակերպելով տասնյակ հազարավոր վարչական իրավախախտումներն ու կատարողական վարույթները, ծառայության նկատմամբ դրսևորել են անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք, չեն կատարել կամ ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները: Նշված բոլոր գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս»,- հայտնում է դատախազությունը։
Բացահայտված փաստով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Նույնատիպ փաստերով նախկինում գլխավոր դատախազությունն արդեն 5 քրեական գործ հարուցել էր, որոնցով պետությանը պատճառված վնասը կազմում էր ավելի քան 231 մլն դրամ։
Այսպիսով, հարուցված բոլոր քրեական գործերով վնասը կազմում է ավելի քան 606 մլն դրամ: