Փաշինյանը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր բացատրել է, թե ինչու չի ընդունել Թանդիլյանի հրաժարականն ու ինչ է լինելու կուտակային կենսաթոշակային համակարգի հետագա ճակատագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականը։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետը` հավելելով, որ Թանդիլյանի հետ համատեղ որոշել են, որ նա պետք է շարունակի աշխատանքը։

«Պետք է նաև աշխատենք այն խնդրի վրա, որը բուռն քննարկման առիթ է դարձել ոչ միայն կառավարությունում, այլև հանրության շրջանում։ Խոսքը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին է, և ինչպես պայմանավորվել ենք նախկինում, նաև տնտեսական զարգացման և ներդրումների, արդարադատության նախարարների հետ մենք պետք է աշխատենք` այդ համակարգը հետագայում առավել ընդունելի, ընկալելի ու հուսալի դարձնելու համար։ Մենք պետք է հանրության ու մեր կասկածները փարատենք, որպեսզի վստահ լինենք, որ ճիշտ ճանապարհով ենք գնում»,- ասաց Փաշինյանը։

ԱԺ հաստատած որոշման նպատակը, նրա խոսքով, միայն ժամանակ շահելն էր, որպեսզի կառավարությունը ժամանակ ունենա, հանգիստ, առանց ցայտնոտի քննարկելու ու առաջիկա 2 ամսվա ընթացքում նախագիծ մշակելու ու ներկայացնելու։

«Մենք չենք կասկածում, որ համակարգը բարելավման կարիք ունի»,- ասաց Փաշինյանը։

Նիստին ներկա Մանե Թանդիլյանը շնորհակալություն հայտնեց իր առաջադրած սկզբունքների համակարծիք լինելու համար` հիշեցնելով, որ իր հրաժարականի պատճառի հիմքում հենց այդ սկզբունքներն են եղել։

Նախարարը խոստացավ շատ կարճ ժամկետներում մշակել ու կառավարությանը ներկայացնել նախագիծը, այնպես, որ նոր առաջարկները իրավական ուժ ստանան արդեն 2019թ-ի հունվարի 1-ից։