Հաշմանդամ և անապահով երեխաներով զբաղվող ՀԿ–ի նախագահը` խոշոր յուրացումների հեղինակ

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Կապանում հաշմանդամ և անապահով երեխաների պաշտպանության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության նախագահը չարաշահումներ և յուրացումներ է իրականացրել։

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ստուգումներ են. հայտնաբերվել են խախտումներ

Ըստ Սյունիքի մարզային քննչական վարչության քրեական գործի նյութերի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի միջնորդությամբ՝ հաշմանդամ և անապահով երեխաների պաշտպանության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության նախագահը 2017թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսներին կազմակերպությունում որպես աշխատակից է ձևակերպել 10 անձի։ Զբաղվածության պետական գործակալության կողմից յուրաքանչյուր շահառուի ունակությունների և կարողությունների ձեռք բերման և աշխատանքի տեղավորման համար կազմակերպությանը փոխանցվել է 200.000 ՀՀ դրամ, սակայն նշված անձինք իրականում չեն հաճախել աշխատանքի, իսկ փոխանցված խոշոր չափերով` ընդհանուր 2.000.000 ՀՀ դրամը, յուրացվել է:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: