Երևանում խոշոր գողություն է կատարվել. տեսախցիկը ֆիքսել է գողին. տեսանյութ

«Հերոսն» իր հետ տարել է դյուրակիր համակարգիչ, չհրկիզվող պահարան, որի մեջ եղել են գումար, լիցքավորման քարտեր և սարքեր, քարտաֆոն քարտեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության (ԵՔՔՎ) Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ՓԲԸ-ի սպասարկման սրահից գողություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Չարաշահումներ դպրոցներում ու մանկապարտեզներում. հափշտակված գումարը հասնում է 16 միլիոնի

Նախնական տվյալներով ՝ 2018թ. մայիսի 5-ին ՝ ժամը 02:19-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, պատուհանը կոտրելու եղանակով, մուտք է գործել Շենգավիթ վարչական շրջանում գործող ՓԲ ընկերություններից մեկը և սպասարկման սրահից հափշտակել դյուրակիր համակարգիչ, չհրկիզվող պահարան, որի մեջ եղել են գումար, լիցքավորման քարտեր և սարքեր, քարտաֆոն քարտեր՝ ընկերությանը պատճառելով խոշոր չափերով նյութական վնաս:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է մի մարդ ինչ-որ իր վերցնում և հեռանում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Քննչական կոմիտեից խնդրում են նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի կամ ընդհանրապես դեպքի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին: