Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնված Ֆրանկ Էնգելը «հայացել» է և դարձել Էնգելյան

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը, որը հայտնի է Ադրբեջանի «սև ցուցակից» (նրա անունն ընդգրկվել է գործընկերների հետ Արցախ այցելելու համար), իր ընտրյալի` Տաթև Մանուկյանի հետ ամուսնանալուց հետո «հայացել» է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Եվրախորհրդարանի անդամ, Արցախի հետ Բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելն իր ընտրյալ Տաթև Մանուկյանի հետ ամուսնանալուց հետո իր ազգանվանն ավելացրել է «յան» վերջածանցը։

Զույգի բրյուսելյան բնակարանի դռան վրա հայերեն գրված է «Էնգելյաններ»։

Ապացույցը ներկայացրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ Բրյուսելում հյուր գնալով Էնգել զույգին` նա լուսանկար է հրապարակել Twitter-ում։

Հիշեցնենք, որ Ֆրանկ Էնգելը (Լյուքսեմբուրգից), Յարոմիր Շտետինան (Չեխիա) և Էլենի Թեոխարուսը (Կիպրոս) անցած տարի այցելել էին Արցախ, որտեղ հետևել են 2017թ-ի փետրվարի 20-ին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների ընթացքին։ Դրանից հետո Ադրբեջանի միջազգային հետախուզություն է հայտարարել ԵԽ պատգամավորների նկատմամբ։

Սակայն Ինտերպոլը ուշադրություն չի դարձրել Ադրբեջանի դժգոհությանը և հետախուզություն չի հայտարարել։

Օտարերկրացիները նախընտրում են ամուսնանալ Արցախում. լուսանկարներ

2017թ-ին Էնգելը Խոր վիրապում նշանադրվել է իր ընտրյալի` Տաթև Մանուկյանի հետ։

Նորապսակները մեղրամիսն անցկացրել են Արցախում։ Մանուկյանը պարզաբանել է, որ որոշել են հրաժարվել Արցախում ամուսնանալու գաղափարից` հյուրերին երկար ճանապարհով չհոգնեցնելու համար։

Աղջիկը խոստովանել է, որ հայկական ավանդույթներով հարսանիքը չափազանց կարևոր է եղել Էնգելի համար։ Նա նաև պատրաստվում է հայերեն սովորել։

Զույգը մտածում է, թե ինչ ազգանուն է տալու ապագա երեխաներին։ Հնարավոր է` նրանց ազգանունը վերջանա «յան»-ով։