Բերքը էլի վնասվել է. գյուղնախարարը դժգոհ է հակակարկտային կայանների աշխատանքից

Հունիսի 20-ին տեղացած կարկուտը մարզերում վնասել է բերքը։ Նախարարը դժգոհում է հակակարկտային կայանների աշխատանքի որակից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Երեկ տեղացած կարկուտի պատճառած վնասի չափերը ճշտվում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

«Այսօր խումբ ենք ուղարկել Արմավիրի կողմերը։ Երկուշաբթի օրը պատկերը պարզ կլինի։ Վաղը խումբ կուղարկենք Կոթի։ Երկուշաբթի-երեքշաբթի կունենանք մոտավոր պատկերը»,- ասաց Խաչատրյանը։

Նա նաև նշեց, որ հակակարկտային կայանների աշխատանքից նախարարությունում դժգոհ են։

«Աշխատել են, բայց ոչ այն մակարդակով, որ մենք կուզեինք։ Կոթիում սահմանի հենց եզրին է եղել, դրա համար չեն աշխատել։ Բայց եթե աշխատեին այն մակարդակով, որ մեզ համար ցանկալի է, ապա այս պատկերը չէինք ունենա»,- ասաց նա։

Երեկ` հունիսի 20-ին, շուրջ 10 րոպե կարկուտ է տեղացել Արմավիրի մարզի Աղավնատուն, Դողս, Արագած, Ամբերդ, Լեռնամերձ համայնքներում:

Ինչո՞ւ չեն կրակում հակակարկտային կայանները. հարյուր հազարի փոխարեն` միլիարդների վնաս

Հայաստանի տարածքում տեղակայված են 547 գազային հակակարկտային կայաններ, որոնք ապահովում են Հայաստանի տարածքի միայն 8 տոկոսը: Կայաններից 234-ը պետական են, 264-ը` համայնքային սեփականություն, 49-ը` մասնավոր։ Ի տարբերություն պետական կայանների, մնացածի լիցքավորման ծախսերը հոգում ու դրանք կիրառելու- չկիրառելու որոշում են կայացնում սեփականատերերը։

2017թ-ին ռուսական «Անտիգրադ» ընկերությունն Արմավիրի և Արագածոտնի մարզերում տեղադրել է ժամանակակից հակակարկտային հրթիռային 3 կայան, որոնց արդյունավետությունը գազայինների համեմատ բավական մեծ է։

Հայաստանի տարածքն ամբողջությամբ պաշտպանելու համար Հայաստանին անհրաժեշտ է 71 հրթիռային կայան: Մեկ կայանի արժեքը 18 000 դոլարին համարժեք դրամ է։