ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի աղմուկ հանած նախագիծը շարունակում է մնալ կառավարության օրակարգում։ Այս մասին այսօր գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողներին հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։
Նշենք, որ երեկ` հունիսի 20-ին ԱԺ-ն հաստատել է համապատասխան նախագիծը, որը, ըստ նախարարի, ընդամենը շահառուների բեռը ժամանակավորապես թեթևացնելու ժամանակավոր լուծում է առաջարկում։
«Մենք մանրամասն վերլուծության կենթարկենք համակարգն ու կներկայացնենք առաջարկություն»,- ասաց նա` համոզմունք հայտնելով, որ օրենքի` սահմանադրականության հարցն օրակարգում է։
Նա նշեց նաև, որ տարեվերջին ՀՆԱ-ի ցուցանիշը կարող է նախատեսվածից ավելի բարձր լինել։
«Մենք կարծում ենք, որ կունենանք ավելի լավ միջավայր, և դա կնպաստի ցուցանիշների ոչ միայն պահպանման, այլև բարելավման»,- ասաց նա` հրաժարվելով, սակայն, կանխատեսումներ անել, թե որքան կկազմի ՀՆԱ-ի ցուցանիշը 2018-ի ավարտին։
Ինչ վերաբերում է վերջին օրերին Հայաստանում արձանագրված իրավական գործընթացներին` ուղղված ստվերի կրճատմանը, նախարարը նշեց, որ ստվերի կրճատումն ակնհայտ է, բայց դժվարացավ թվեր նշել` խոստանալով ժամանակի ընթացքում հաշվել ու ասել։