Ինչո՞ւ Բաքուն չի կարող ագրեսիայի դիմել Նախիջևանի կողմից. բացատրում է գեներալը

Լայնածավալ ռազմական գործողությունները կարող են երրորդ համաշխարհային պատերազմի հանգեցնել, Հայաստանն ու Ադրբեջանը դա հասկանում են, կարծում է ռազմական փորձագետ Լևոն Ստեփանյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Նախիջևանում լայնածավալ ռազմական գործողությունների վտանգ չկա, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց Հայաստանի սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը։

«Որպես զինվորական, այնտեղ վտանգ չեմ տեսնում։ Ադրբեջանը շրջափակման, տնտեսական ճնշման, պատմության կեղծման, եվրոպական չինովնիկներին կաշառելու, ինչպես նաև հոգեբանական ազդեցություն գործադրելու քաղաքականություն է վարում», – ասաց Ստեփանյանը։

Լարվածությունն Արցախում ու Նախիջևանի սահմանին աճել է. ՀՀ ՊՆ

Նա նշեց, որ Նախիջևանում Բաքվի գործողությունները հենց Հայաստանի քաղաքացիների և ղեկավարության վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար են։

«Նրանք փորձում են ազդել մեր բնակչության վրա, և ես ուզում եմ, որ Հայաստանում դա քաջ գիտակցեն։ Դա հոգեբանական ճնշում է, Ադրբեջանը չի կարող ռազմական գործողություններ սկսել Նախիջևանի կողմից», – կարծում է Ստեփանյանը։

Նախ` Հայաստանը պատրաստ է դեպքերի նման զարգացմանը։ Երկրորդ` Նախիջևանի կողմից Ադրբեջանի ագրեսիայի դեպքում դեր կխաղան այնպիսի գործոններ, ինչպիսիք են ՀԱՊԿ–ին անդամակցությունը, Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմական պայմանագիրը, ինչպես նաև հանրապետությունում ռուսական ռազմաբազայի ներկայությունը։

«Եթե նույնիսկ ինչ-որ լարվածություն լինի, այն կսահմանափակվի միայն փոխհրաձգությամբ», – կարծում է Նախիջևանում ծնված և մեծացած գեներալը։

Ստեփանյանի կարծիքով` երկու կողմերն էլ հասկանում են, որ, եթե այս տարածաշրջանում պատերազմ սկսվի, այն կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։

Ադրբեջանցիների այցը Գյուննութի գերեզմաններ. ՊՆ–ն տեսանյութ է հրապարակել

Ռազմական փորձագետը նշեց, որ Նախիջևանի հարցում ադրբեջանական քարոզը գործում է ճիշտ նույնկերպ, ինչպես Արցախում 2016 թվականի ապրիլյան քառօրյայից հետո։ Նա հիշեցրեց, որ այն ժամանակ ադրբեջանական բանակը տապալվեց, սակայն Բաքվում սկսեցին գովերգել նրա հաղթանակը։

Նախիջևանում «11 հազար հեկտար ազատագրելու» մասին Բաքվի ներկայիս հայտարարությունները գրեթե նույն իրավիճակն է, քանի որ այդ տարածքը երբեք չի գտնվել Հայաստանի անմիջական վերահսկողության տակ։

«Հետամնացություն է XXI դարում գլուխ գովել Նախիջևանում որևէ բարձրունք նվաճելու համար և վերագրել դա բանակի հաջողությանը», – ասաց Ստեփանյանը։

Նա համոզված է, որ Ադրբեջանի կողմից նման պնդումները մտահոգության առիթ չեն։

Ռազմական փորձագետն ընդգծեց, որ Նախիջևանում ռազմական գործողությունները նախևառաջ բացասական կանդրադառնան տեղի բնակչության վրա։

Ստեփանյանը հիշեցրեց, որ ժամանակին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևն արեց ամեն բան, որպեսզի Նախիջևանը Արցախի հակամարտությունից հեռու մնա։

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ ադրբեջանական բանակի հաջողակ գործողությունների արդյունքում «օկուպացիայից ազատագրվել է 11 հազար հա տարածք»։ Ի պատասխան ՀՀ ՊՆ–ն «շնորհավորել» էր Զաքիր Հասանովին` սեփական տարածքում սեփական հողերն «ազատագրելու» համար։