Դեռ նստած ենք հանքերի «ասեղի վրա» կամ Հայաստանի տնտեսությունը 2018 թվականին

Շինարարության ոլորտում արձանագրված աճը Ամուլսարի «ձեռքբերումն» է, արդյունաբերության ոլորտի անկումը` Թեղուտի հանքի «մեղքը»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին աճել է 8,6%-ով, հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։ Ճիշտ է` հիմնականում աճել է ոչ թե արտադրությունը, այլ ծառայություններն ու շինարարությունը։

Երկար տարիներից հետո առաջին անգամ շինարարության շրջանառությունն աճել է երկնիշ թվով (17,4%-ով)։ Կրկին «էլիտար» կոչվող բազմահարկ շենքե՞րն են։ Ոչ։

«Հիմնական պատճառը Ամուլսարի ոսկու հանքում իրականացվող շինարարական աշխատանքներն են», — նշում է ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը։

Ճիշտ է` արդյունքը մեկանգամյա էֆեկտ ունի. այս տարի ավարտվելու են հանքը շահագործման հանձնելու աշխատանքները։

Արդյունաբերությունը, որը 2017 թվականին աճել է 12,6%,-ով, այժմ կտրուկ դանդաղել է։ Եվ կրկին «մեղավոր» են հանքերը. փետրվարին կանգնել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը։ Դրանից հետո արդյունաբերության վիճակագրությունն անկում է ապրել. հունվար-փետրվարին աճել է 13,9%-ով, իսկ հունվար-ապրիլին` միայն 5,2%-ով, այժմ` 3,5%-ով։

Աճեմօղլուի բաղադրատոմսը կարո՞ղ է արդյոք «բուժել» ՀՀ տնտեսությունը

Զարմանալի չէ. Հայաստանի տնտեսության շուրջ 1/3-ը հանքավայրերն ու մետալուրգիան են (խոսքը վերաբերում է միայն մետաղների ձուլմանը, ոչ թե պատրաստի արտադրանքին)։

Միևնույն ժամանակ ծառայությունների շրջանառությունն աճել է 17,5%-ով։ Ճիշտ է` 5%-ը բաժին է ընկել զվարճանքներին (այդ թվում խաղատներին), 4%-ը` վարկերին և ապահովագրությանը, 2,2%-ը` տրանսպորտին։ Համաչափ աճ չկա այնպիսի ծառայությունների համար, որոնցից կերևար եկամուտների համընդհանուր աճը` հյուրանոցներ, հասարակական սննդի ոլորտ, կրթություն, անշարժ գույք։

Հունվար-մայիս ամիսներին զգալիորեն աճել է արտահանումը (24%-ից մի փոքր շատ) և ներմուծումը (37%-ով)։ Ապրանքների բաշխման տվյալները դեռ չկան նշված ժամանակահատվածի համար։ Սակայն հունվար-ապրիլ ամիսներին հիմնական աճն ապահովել են սարքավորումները, ավտոմեքենաներն ու քիմիկատները. այն, ինչ Ամուլսարը կարող է գնել շահագործմանը նախապատրաստվելու համար։

Այդ ընթացքում արտահանմանն ամենից շատ նպաստել է մետաղական կոնցենտրատների և մետաղների (որոնց մասին խոսվեց վերևում) արտահանումը։ Շարունակում է աճել դեպի Ռուսաստան և Եվրոպա տեքստիլի արտահանումը։ Մրգերի ու բանջարեղենի արտահանումը դեռ այդքան զգալի չէր («սեզոնը» չէր)։ Սակայն մայիսին այն պետք է աճեր։

Այդպիսով` տեքստիլ արտադրությունը քիչ-քիչ սկսում է օգնել տնտեսությանը։ Հաջող օրինակներ կան նաև այլ ոլորտներում։ Առայժմ` եզակի։ Տնտեսական ցուցանիշներն ընդհանուր առմամբ դեռևս պահպանվում են հանքավայրերի և մրգերի հաշվին։