ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Մոսկվան իրենից կախված ամեն ինչ կանի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով` Ռուսաստանը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, լիովին հավատարիմ է իր դերին։
«Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ կանի` առկա ճգնաժամի կարգավորման մեջ կառուցողական և արդյունավետ ավանդ ունենալու ու երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի` խմբ.) հարաբերությունները կարգավորելու համար», — ասել է Զախարովան։
Զախարովան ավելացրել է, որ սա ռուսական կողմի ավանդական դիրքորոշումն է, իր համար` շատ լուրջ հարց։
Երկու հանրապետությունների ԱԳՆ ղեկավարների մակարդակում հանդիպում անցկացնելու հնարավորության մասին հարցին ի պատասխան Զախարովան կրկնել է մեկ շաբաթ առաջ արտահայտած միտքը, որ հանդիպելու պատրաստակամության մասին պետք է հայտարարեն նախևառաջ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները։