Մանվել Գրիգորյանը չի օգտվում ծառայողական հեռախոսից

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը հերքել է լուրն այն մասին, որ գեներալ–լեյտենանտն օգտվում է ծառայողական բջջային հեռախոսից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը դեռ 2018 թվականի հունվարից չի օգտվում ծառայողական բջջային հեռախոսից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը:

Մամուլի միջոցներից մեկում այսօր տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանն օգտվում է ծառայողական բջջային հեռախոսից՝ դրա համար ունենալով 60.000 ՀՀ դրամ սահմանաչափ։

«Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ հայտում ենք, որ դեռևս 2018 թվականի հունվարի 1-ից ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը չի օգտվում ծառայողական բջջային հեռախոսից»,- գրել է նա։

Հիշեցնենք` ՀՀ ԱԺ-ն երեկ` հունիսի 19-ին, ՀՀ գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա հավանության է արժանացրել Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ իրականացնելու և նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու առաջարկները։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է 2 ամսով կալանավորել Մանվել Գրիգորյանին։

ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի աներորդին էլ տանը զինանոց ունի. նոր բացահայտում

Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր…

Մանվել Գրիգորյանը ձերբակալված է։ Նրան մեղադրանք առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի, Էջմիածին քաղաքի մի քանի հասցեներում գտնվող, իրեն պատկանող առանձնատներում պահելու, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար։

Դատախազությունը նրան մեղադրում է զինված ուժերի զենքը և այլ ունեցվածքը հափշտակելու համար։ Այդ հոդվածներով 2-6 և 5-8 տարվա ազատազրկում է սպառնում։