ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. ԱՄՆ-ն դուրս է եկել Մարդու իրավունքների հարցերով խորհրդից: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին մեղադրել է խորհրդին «Իսրայելի նկատմամբ անվերջանալի թշնամական վերաբերմունքի համար»:
«Երկար ժամանակ Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը մարդու իրավունքը ոտնահարողների պաշտպան է եղել և քաղաքական կողմնակալության աղբահոր»,- հայտարարել է Նիկի Հեյլին:
Ի պատասխան, Իսրայելը ողջունել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի կազմից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը:
«Իսրայելն իր երախտագիտությունն է հայտնում նախագահ Դոնալդ Թրամփին, պետքարտուղար Մայք Պոմպեոյին և մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիին ՄԱԿ-ի, այսպես կոչված, մարդու իրավունքների հարցերով խորհրդում երեսպաշտության և ստերի հետ կապված կայացված խիզախ որոշման համար»,- ասված է Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Սակայն Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը հայտարարել են, որ ցավում են խորհրդից դուրս գալու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ:
2006-ին ստեղծված և Ժնևում գործող, 47 անդամ ունեցող խորհուրդն իր վերջին նստաշրջանը սկսել է երկուշաբթի, որի ժամանակ քննադատական մոտեցում է ցուցաբերվել նախագահ Թրամփի միգրացիոն քաղաքականությանը: ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը սահմանն անօրինաբար անցնող ծնողներից երեխաներին բաժանելու քաղաքականությունն «անբարեխիղճ» է անվանել: