ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է ապրիլի 12–ից առ այսօր առաջնագծում տիրող իրավիճակի հակիրճ ամփոփագիրն ու հակառակորդի տեղաշարժերը։
Ֆեյսբուքյան իր էջում Աբրահամյանը գրել է.
«1. Ապրիլի 12-ը կարելի է համարել Ադրբեջանի ակտիվացման այս փուլի մեկնարկը. հակառակորդն առաջնագծում նկատելիորեն ակտիվացել է, որը տարբեր ժամանակահատվածներում տարբեր դրսևորումներ է ունենում՝ զինտեխնիկայի տեղաշարժեր, կուտակումներ, ակտիվ ինժիներական աշխատանքներ, հայաստանյան, արցախյան հասարակության վրա ազդելու փորձեր, քարոզչական աշխատանք բոլոր հնարավոր թիրախներով:
2. Մոտ մեկ շաբաթ ակտիվությունը դրսևորվում էր զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժերով և կուտակումներով (նախորդ շաբաթ):
3. Արդեն 2 ամիս է առաջնագծում ակտիվ ինժիներական աշխատանքներ են իրականացվում. կա նաև սեզոնային գործոնը, սակայն միայն ընթացիկ աշխատանքներ չեն իրականացվում
4. Այս շաբաթ բավականին ակտիվ են հատուկ նշանակության ստորաբաժանումները»,–գրել է Աբրահամյանը:
Հիշեցնենք` վերջին ամսվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ:Հունիսի 13–ին Sputnik Արմենիայի հետ զրույցում ԱՀ նախագահի խորհրդական Տիգրան Աբրահմյանն ընդգծել էր, որ վերջին 2 ամսում ստեղծված իրավիճակը 2016թ.–ի ապրիլյան պատերազմից հետո ամենավտանգավոր իրավիճակն է, երբ Ադրբեջանն առաջնագծի մի քանի ուղղություններով միանգամից ակտիվություն է դրսևորում։ «Այսօր ռեալ վտանգ է ստեղծվել առաջնագծում իրավիճակի կտրուկ սրման»,– ասել էր Աբրահամյանը։