ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Հայաստանի սրճարանների և ռեստորանների համար շարունակում են կատարելագործել հարկերի գանձումը։ 2018թ-ի սկզբից նրանց հարկը կախված է շրջանառությունից, այլ ոչ թե սրահի քառակուսի մետրից։ Իսկ հիմա այդ օբյեկտները ամբողջությամբ ազատում են ԱԱՀ-ից, նույնիսկ ամենախոշոր ռեստորանները կգործեն շրջանառության հարկով։ Դա է ենթադրում Հարկային նոր օրենսգրքի տարբերակը, որը վաղը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի խորհրդարանում։
Այսինքն, չեն ստուգի նրանց յուրաքանչյուր ինվոյսը։ Կհետևեն միայն ընդհանուր շրջանառությանը, իսկ դա կստուգեն ՀԴՄ կտրոններով ։ Այսինքն, հաշվի հետ միասին մատուցողը պետք է բերի նաև ՀԴՄ կտրոնը։ Իսկ դրա բացակայության համար կգործի արդեն խիստ տուգանք։
Իսկ հարկայինն ինչպե՞ս է ստուգելու՝ կտրոն տալիս են, թե` ոչ։ Ստուգիչ ճաշեր են կազմակերպելո՞ւ։ Ի պատասխան՝ հարկայինը ժպտում է․ դա գաղտնիք է։ Բայց շրջանառությանը խստորեն կհետևեն, քանի որ հարկը դրանից է կախված լինելու։
Նախկինում հարկը կախված է եղել սրահի մակերեսից և գտնվելու վայրից՝ Երևանի կենտրոնում, ծայրամասում, թե մարզերում։
«Բայց փորձը ցույց տվեց, որ ռեստորանները կարող են ունենալ նույնանման մակերես և գտնվել նույն շրջանում, բայց և` ունենան խիստ տարբեր շրջանառություն, իսկ հարկեր վճարեն նույնչափ ։ Մեզ թվում է, որ դա այդքան էլ ճիշտ չէ», — հայտարարել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Այժմ ռեստորանները կվճարեն շրջանառության հարկ՝ եկամուտի 6 տոկոսը։ Այստեղից կարելի է ստանալ գնումներից 3 տոկոս հարկային պահում, այսինքն` գնված պարենամթերքից ու կոմունալ ծառայություններից)։ Պահումը կարելի է ստանալ միայն այն գնումներից, որոնք ունեն ապրանքագիր։ Ընդ որում` հարկը բարձրանալու է․ 2020թ-ից արդեն պետք է վճարել 10/6 հարաբերակցությամբ։
Այստեղ բարդություն է ծագում. բանջարեղենը և միսը ռեստորանները գնում են գյուղացիներից։ Իսկ գյուղացուց ինվոյս ստանալն անհնար է, ուստի հարկերի չափը հաշվարկելիս հետ դժվարություններ կառաջանան։
Բայց, համենայն դեպս, ավելի շատ բարդություններ չեն առաջանա ԱԱՀ-ի հետ, որոնք ծագեցին սուպերմարկետներում, երբ մայիսին նրանց «այցելեց» Ազգային անվտանգության ծառայությունը։ Ստուգումները թնդացին, հանրային հնչողություն ստացան, իսկ խնդիրը մնաց։ Ուրեմն ո՞րն է խնդիրը։
Եթե սուպերմարկետները գյուղացուց ապրանք են գնում, նրանք չեն կարող ստանալ ԱԱՀ-ի դեբետ (պահում)։ Իրենց շահույթից այդ գումարը չվճարելու համար նրանք հորինել էին մութ սխեմաներ, որոնք հիմա արգելված են։
Որպեսզի ռեստորաններն ու սրճարանները չգնան նույն ճանապարհով, նույնիսկ ամենամեծերը, կարող են աշխատել շրջանառության հարկով և անվերապահորեն տրամադրել ՀԴՄ կտրոններ։ Ուստի պետք է շատ զգոն լինել՝ յուրաքանչյուր, նույնիսկ ամենահամեստ հաճախորդը կարող է հարկայինի գործակալ լինել․․․