Գեներալի անունով հիմնադրամի միջոցները, հնարավոր է, ծախսվել են ոչ նպատակային. ՀՔԾ

Կասկածներ կան, որ «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամին արված նվիրատվությունները ծախսվել են ոչ նպատակային. հատուկ քննչական ծառայությունը նոր հայտարարություն է տարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik.  Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ նոր հայտարարություն է տարածել ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։ Ըստ այդմ` հիմնավոր կասկածներ կան, որ գեներալի անունով բացված հիմնադրամին փոխանցված միջոցները նպատակային չեն ծախսվել։

Ապրիլյան պատերազմին ԵԿՄ–ն 60 միլիոն դրամի դեղեր և բժշկական պարագաներ է ստացել. Զաքարյան

«ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ 12.02.2013թ.-ին Մանվել Գրիգորյանի կողմից ստեղծվել է  «Գեներալ Մանվել Գրիգորյան» բարեգործական հիմնադրամը, որին տարբեր քաղաքացիներ և կազմակերպություններ ինչպես կանխիկ, այնպես էլ բանկային փոխանցման եղանակով հատկացրել են տարբեր չափերի գումարներ:

Քրեական գործով առկա են կասկածներ, որ հնարավոր է` նշված գումարները մուտք չեն եղել բարեգործական հիմնադրամ կամ հետագայում ծախսվել են ոչ նպատակային: Խնդրում ենք բոլոր այն քաղաքացիներին և կազմակերպություններին, որոնք կանխիկ կամ փոխանցումով գումարներ են հատկացրել նշված հիմնադրամին, դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն հետևյալ հասցեով` ք. Երևան, Վ. Վաղարշյան 13ա, հեռ.` (+374) 11 900 008:

Նախաքննությունը շարունակվում է». ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։