Բարեգործական կրքերը հանդարտվեցին. «Ծառուկյանն» արդեն կողմ է օրենքին

Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերը կվերահսկի կառավարական հանձնաժողովը։ Կասկածելիները կստուգվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Խորհրդարանն այսօր միաձայն ընդունեց վերջին օրերին աղմկոտ քննարկումների պատճառ դարձած «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը:

Կուտակային կենսաթոշակների մասին փոփոխությունների նախագիծն ընդունվեց 1–ին ընթերցմամբ

Նախագծի ամենաթեժ հակառակորդը «Ծառուկյան» խմբակցությունն էր, որ նախապես հայտարարել էր, թե նախագիծն ուղղված է իրենց ղեկավար Գագիկ Ծառուկյանի բարեգործական գործունեության դեմ։

Բայց այսօր, մինչ քվեարկությունը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք որոշ տարակարծություններ են ունեցել «Բարեգործության մասին» օրենքի հետ կապված, սակայն գործընկերների հետ քննարկումից հետո դրանք փարատվել են, ուստի իրենք կողմ են քվեարկելու նախագծին:

Նոր օրենքով նախատեսվում է բարեգործական ծրագրերի համակարգման համար ստեղծել խորհրդակցական հանձնաժողով, որի կազմն ու կանոնադրությունը պետք է հաստատի վարչապետը:

Հանձնաժողովը վարելու է բարեգործական ծրագրերի ռեգիստր, զբաղվելու է դրանց գրանցմամբ, կարգավիճակը որոշելով ու անհրաժեշտության դեպքում`փոփոխելով։

Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարը հերքում է ՀՀ երրորդ նախագահի մասին լուրը

Հանձնաժողովը նաև հետևելու է Հայաստանում իրականացվող բոլոր բարեգործական ծրագրերի իրականացման ընթացքին և, եթե անհրաժեշտություն առաջանա, դիմելու է պետությանը` ստուգում անցկացնելու միջնորդությամբ։

Ընդ որում, ընդունված օրենքով, բարեգործական չեն կարող կոչվել կուսակցություններին և առևտրային կազմակերպություններին դրամական և գույքային միջոցների հատկացումը և ապրանքների առուվաճառքից ստացված միջոցները:

Հիշեցնենք` ավելի վաղ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ եթե նախագիծն ընդունվի, ինքը կոչ կանի Գագիկ Ծառուկյանին դադարեցնել բարեգործությունը և ծրագրերի շահառուներին կուղղորդի դեպի կառավարություն։