Քննարկվել է ՀՀ–ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման համաձայնագրի իրականացման ընթացքը

Արտգործնախարար Մնացականյանը հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով Եվրամիության հանձնակատարին
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik.  Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գերատեսչությունից։

Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ կանի արցախյան խնդրի լուծման համար. Զախարովա

Քննարկվել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերի իրականացման ուղղությամբ արձանագրված ցուցանիշները։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Հայաստանի միգրացիոն քաղաքականության և սահմանների կառավարման բարելավման, հետընդունման և վերաինտեգրման կարողությունների ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքները։

Զոհրաբ Մնացականյանը կարևորել է ԵՄ և անդամ երկրների հետ սերտ համագործակցությամբ Հայաստանի կողմից արձանագրված ձեռքբերումների գնահատումը, ինչը կնպաստի արտոնագրային ռեժիմի ազատականացման և ազատ տեղաշարժի երկխոսության գործընթացի արագացմանը։ Ըստ նախարարի ՝ վերոնշյալ գործընթացը հնարավորություն կընձեռնի առավել ընդլայնելու մարդկանց միջև շփումները և խթան կհանդիսանա Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների համագործակցության ամրապնդմանը։

Զրուցակիցներն ընդգծել են Արևելյան գործընկերության վերջին գագաթաժողովների հռչակագրերում ամրագրված Հայաստանի և Եվրամիության միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը։