Վերականգնվել է համայնքապետների կողմից պետությանը հասցված 25.5մլն դրամի վնաս

Համայնքապետերի կոռուպցիոն հանցագործությունների փաստերով քննվող 71 քրգործով վերականգնվել է պետությանը պատճառված 25.5 մլն դրամի վնաս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik.    Պաշտոնեական դիրքի չարաշահումներ, պաշտոնեական կեղծիքներ, պաշտոնեական դիրքն օգտագործելով` հափշտակություններ, կաշառք և այլ հանցագործություններ. թվարկված հատկանիշներով 71 քրեական գործ է քննվում, որոնցից 23-ով քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ոստիկանները խուզարկել են «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների տները. տեսանյութ

«ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության վերահսկողության ներքո քննչական մարմինների վարույթում համայնքապետերի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումների, պաշտոնեական կեղծիքների, պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություններ կատարելու, կաշառք ստանալու և այլ հանցագործությունների վերաբերյալ քննվում է 71 քրեական գործ:

Նշված քրեական գործերից 23-ով քրեական հետապնդում է հարուցվել 23 համայնքապետի նկատմամբ: Ընդհանուր 71 քրեական գործով պետությանը պատճառված վնասը կազմում է 74.437.600 ՀՀ դրամ, որից ներկա դրությամբ նախաքննության ընթացքում վերականգնվել է 25.560.000 ՀՀ դրամը։

Վերը նշված գործերը հիմնականում քննվում են համայնքապետերի կողմից համայնքապետարանում կամ դրա կազմակերպություններում ձևական աշխատակիցներ գրանցելու, նրանց անվան տակ աշխատավարձեր դուրս գրելու և յուրացնելու, պետական ծրագրերի շրջանակներում գյուղացիներին արտոնյալ պայմաններով սերմեր կամ պարարտանյութ տրամադրելու գործընթացում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացումներ կատարելու, շինարարության կամ վերանորոգման գործընթացներում չարաշահումների, բնակիչներին սոցիալական օգնություն տրամադրելու անվան տակ համայնքային միջոցների յուրացման, կեղծ աճուրդներ կազմակերպելու արդյունքում համայնքին պատկանող հողերը ակնհայտ ցածր գներով իրենց հարազատներին օտարելու, կաշառակերության և կոռուպցիոն այլ դրսևորումների վերաբերյալ». նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ։