Չինաստանում հնագետները 120 մլն տարի առաջ ապրող դինոզավրերի հետքեր են հայտնաբերել

Չինաստանում 120 մլն տարի առաջ ապրած դինոզավրերի հետքեր են գտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Միջազգային հնագիտական արշավախմբի աշխատակիցները Չինաստանի արևելքում ավելի քան 120 մլն տարի առաջ ապրող տարբեր տեսակների դինոզավրերի հետքերով քարացուկներ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սինհուա գործակալությանը։

Բացառիկ գտածո. ի՞նչ են հայտնաբերել իտալացի հնագետները Հայաստանի տարածքում

Չինաստանից, Ավստրալիայից և ԱՄՆ–ից հնագետներից բաղկացած միջազգային թիմը Շանդուն գավառի տարածքում ավելի քան 300 հետք է գտել, որոնք ենթադրաբար թողել են մոտ 120 մլն տարի առաջ`  կավճային դարաշրջանում ապրող դինոզավրերը։

Գտածոյի մասին ուսումնասիրության հեղինակի խոսքով` դատելով հայտնաբերված հետքերից, դրանք դինոզավրերի 7 տարբեր տեսակների են պատկանում։

«Դինոզավրերի հետքերի հայտնաբերումը շոկ էր, քանի որ այդ շրջանում ավելի վաղ դինոզավրերի մնացորդներ չեն հայտնաբերվել», – նշում է Շանդուն գավառի Լինյի քաղաքի համալսարանին կից գործող երկրաբանության և հնէաբանություն ինստիտուտի ղեկավար Վան Սյաոլին։