Ոստիկանությունը խուզարկել է ավելի քան 30 «օրենքով գողերի» ու հեղինակությունների տները

Վերջին շրջանում Հայաստանում քրեական աշխարհն անընդհատ հայտնվում է ոստիկանության ուշադրության կենտրոնում. ուժայինները խուզարկել են մոտ 30 «գողերի» ու հեղինակությունների տները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ ուժերն այս օրերին խուզարկություններ են կատարում «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների տներում։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում անցկացվել է լայնամասշտաբ գործողություն։ Խուզարկություններ են տեղի ունեցել ավելի քան 30 քրեական հեղինակությունների և այսպես կոչված «օրենքով գողերի» տներում», — ասաց նա։

Ահարոնյանը չպարզաբանեց, թե ինչ գործի մասին է խոսքը, չհաղորդեց ձեբակալությունների մասին, ինչպես նաև չբացահայտեց նրանց անունները, ում տներում է խուզարկություն կատարվել։

Ոստիկանները խուզարկել են «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների տները. տեսանյութ

Այնուամենայնիվ, տարբեր աղբյուրներ և հայկական ԶԼՄ-ները գրում են, որ խոսքը վերաբերում է «օրենքով գող» Ժիրայր Բրուտյանին (Ժիրո Շահումյանցի), Սամվել Հարությունյանին (Մանեթի տղա Սամո), Գևորգ Մելիքյանին (Օշականցի Գևորիկ), Նորայր Փիլոյանին (Կոնչո), Սուրիկ Ավետիսյանին (Լենինականցի Սուրիկ), ինչպես նաև Ռաֆայել Խոյեցյանին (Աֆո), վերջինն «օրենքով գող» Ռաֆիկ Խոյեցյանի որդին է։

Հաղորդագրությունների համաձայն` խուզարկություններ են անցկացվել քրեական հեղինակություններ Արտյոմ Հարությունյանի (Արտյոմ Կանևսկի), Արթուր Ղազարյանի (Քանաքեռցի Տույի), Արմեն Իսրայելյանի (Պիստ Արմեն), Ռադիկ Մկրտչյանի (Պրատ) և այլն։

Նրանց թիվը գերազանցում է երեք տասնյակը։