ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Քիչ առաջ հյուրընկալեցի 10-ամյա Անգելիկա Դերզյանին: Իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տասն օր առաջ հեռախոսիս զանգ եկավ, վերցրեցի, ասում է՝ բարեւ ձեզ, վարչապե՞տն է խոսում: Ասացի այո: Ասում է՝ ես 10-ամյա Անգելիկան եմ, ուզում եմ ձեզ հետ հանդիպել: Ասացի, որ հարմար պահի հետ կզանգեմ եւ կհրավիրեմ: Այսօր մեր հանդիպումը կայացավ: Անգելիկան ինձ համար իր նկարած երկու նկար էր բերել, խաչ ու աղոթագիրք»,- գրում է Փաշինյանը:
Վարչապետը նաև հայտնում է, որ երեխան իրեն միայն մի խնդրանք է ունեցել` զինվորները սոված չմնան, առողջ լինեն ու տուն վերադառնան:
Նիկոլ Փաշինյանը խոստացել է ամեն ինչ անել, որ աղջկա խնդրանքն իրականանա։