Ե՞րբ Ադրբեջանը կհրաժարվի սադրանքներից. բաղադրատոմս ՀՀ նախագահի խորհրդականից

Ադրբեջանը սադրանքների է դիմում անկախ Հայաստանի ներքաղաքական իրավիճակից, կարծում է նախագահի խորհրդականը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Ադրբեջանը կդադարի սադրանքների գնալ, երբ զրկվի առավելություններից, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ նախագահի խորհրդական, «Մարդկային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Թևան Պողոսյանը։

Լարվածությունն Արցախում ու Նախիջևանի սահմանին աճել է. ՀՀ ՊՆ

Ապրիլից սկսած` Արցախում, Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին և Նախիջևանում հակառակորդի կողմից ակտիվություն է նկատվում` զինվորական ստորաբաժանումների առաջխաղացում, հատուկ ստորաբաժանումների մանևրումներ։

«Հայկական զինված ուժերն ու պաշտպանության բանակը զգոն են, տիրապետում են իրավիճակին, և մենք պետք է ցույց տանք, որ զարգացման ցանկացած սցենարի դեպքում պատրաստ ենք քայլեր իրականացնել, և որ ցանկացած սադրանք անպատասխան չի մնա», — ասաց Պողոսյանը։

Ինչ վերաբերում է երեկ խոցված հայկական ԱԹՍ-ին, ապա, ըստ նրա, դա չպետք է վախեցնի. պետք է հետևություններ անել, որպեսզի հետագայում խուսափենք նման դեպքերից։

Հայկական կողմը, նրա խոսքով, պետք է զարգացման հստակ ծրագիր գծի, որում առաջնահերթ կլինի անվտանգության ապահովման հարցը։ Պողոսյանի խոսքով` երբ Ադրբեջանը զգա, որ առավելություններ չունի, կդադարի սադրանքների գնալ։

«Եվ հակառակը` երբ Բաքուն զգա, որ ինքն առավելություն ունի, սադրանքների կդիմի։ Կարևոր չէ, թե ինչ իրավիճակ կամ ինչ գործընթացներ են այդ պահին ընթանալու Հայաստանում», — ասաց Պողոսյանը։

«Դուք հիմա ադրբեջանցիների անմիջական թիրախում եք». ռեպորտաժ Նախիջևանի սահմանից

Այսօրվա դրությամբ Ադրբեջանը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ որևէ քայլ չի անում։ Սա նշանակում է, որ ուզում է այդ հարցը լուծել միայն ռազմական ճանապարհով։

«Զենք և զինամթերք է գնում, խուսափում է բանակցություններից, ամեն օր սադրանքների է դիմում և միևնույն ժամանակ այնպես անում, այդ թվում լրատվական դաշտում, որպեսզի հայկական կողմը մտահոգվի նրանց, ոչ թե սեփական օրակարգով», — ասաց Պողոսյանը։

Ըստ նրա` պետք է աշխատել երկիրն ամեն օր ուժեղացնելու ուղղությամբ։ Ընդ որում, Պողոսյանի խոսքով, երբեմն լավագույն պաշտպանությունը հարձակումն է։

Ավելի վաղ Ստեփանակերտը հայտնել էր, որ արցախյան հակամարտության գոտում ադրբեջանական ուժերի և ռազմատեխնիկայի ակտիվ առաջխաղացումը, որը սկսվել էր ապրիլի 12-ին, շարունակվում է։