Մնում է Մանե Թանդիլյանը նախարարի պաշտոնում, թե՞ ոչ. պարզաբանում է գերատեսչությունը

ՀՀ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարությունում մեկնաբանել են ԶԼՄ–ներում հայտնված տեղեկություններն այն մասին, թե Մանե Թանդիլյանը մտափոխվել է և մնում է նախարարի իր պաշտոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. ՀՀ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Մանե Թանդիլյանը շարունակում է կատարել իր պարտականությունները, նրա հրաժարականի դիմումը չի ստորագրվել։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց գերատեսչության մամուլի քարտուղար Մանե Մադոյանը։

«Ժողովուրդ» թերթի տվյալներով` հակառակ հրաժարականի իր դիմումի` Թանդիլյանը իր կշարունակի պաշտոնավարել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի ընդունել նրա հրաժարականը և չի պատրաստվում նախագահի ստորագրմանը հանձնել Թանդիլյանին պաշտոնից ազատելու մասին հրամանը։

Կուտակային կենսաթոշակների մասին փոփոխությունների նախագիծն ընդունվեց 1–ին ընթերցմամբ

Ի հակառակ սրա, Մադոյանը հաստատեց` Թանդիլյանի հրաժարականի մասին դիրքորոշումն անփոփոխ է։

Հոդվածում նշվում է նաև, որ նախարարը կշարունակի պաշտոնավարել, քանի որ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել։

«Նախարարը կշարունակի կատարել իր պարտականությունները այնքան ժամանակ, քանի դեռ համապատասխան հրաման չի ստորագրվել։ Մեզ մոտ ամեն ինչ անփոփոխ է», – ասաց Մադոյանը։

Ավելի վաղ «Մարդկային զարգացման կենտրոն» ՀԿ–ի նախագահ Թևան Պողոսյանը կոչ էր արել Մանե Թանդիլյանին վերադառնալ պարտականությունների կատարմանը։ Նրա կարծիքով` Թանդիլյանն ու Փաշինյանը պետք է բանակցությունների սեղան նստեն և լուծեն տարաձայնությունները։

Հիշեցնենք, որ ՀՀ սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Մանե Թանդիլյանը հունիսի 12-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել և դուրս եկել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից` պատճառաբանելով, որ դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը: Օրենքը ենթադրում է 2018 թվականի հուլիսի 1-ից սոցիալական վճարների պարտադիր բաղադրիչի կիրառում։ Թանդիլյանն առաջարկում էր հետաձգել պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով և հանրային քննարկումներ անցկացնել։ Սակայն կառավարությունը, նախարարի դիրքորոշմանը հակառակ, այլ որոշում ընդունեց և մտադիր է ներդնել համակարգը հուլիսի 1-ից։