Հայաստանում լույսն ու գազը կարող են էժանանալ. ո՞ւմ համար և երկա՞ր ժամանակով

«Գազպրոմ Արմենիան» և «Տաշիր գրուպը» հայտնել են, որ պատրաստ են օգնել անապահով ընտանիքներին, բայց պաշտոնական սակագներում առայժմ փոփոխություն չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանում լույսի և գազի սակագները կարող են էժանանալ, սակայն դեռ պարզ չէ, թե ինչ ժամկետով։

Երեկ «Գազպրոմ Արմենիան» հայտարարել է, որ անապահով ընտանիքների համար գազի սակագինը 100 դրամի փոխարեն 80 դրամ կսահմանվի: Սա ընկերության իրավո՞ւնքն է, թե՞ պարտականությունը։

Անապահով ընտանիքները գազի համար կվճարեն սահմանածից ցածր գին

«Դեռ իրավունքն է»,- լրագրողների հետ զրույցում պարզաբանեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Սողոմոնյանը։ Ընկերությունը սեփական նախաձեռնությամբ է հանդես եկել։

«Գազպրոմ Արմենիան» ավելի ցածր գնով գազ մատակարարել իրավունք ունի իր եկամտի հաշվին, եթե դա չի խոչընդոտում սեփական աշխատանքը (եթե վտանգ չկա, որ չստացված եկամուտը կխանգարի նոր ներդրումներին)։

«Գազպրոմ Արմենիան» պատրաստ է ցածր սակագինը պահպանել մեկ տարի (2018 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 1-ը)։ Այլ հարց է, որ պաշտոնական փաստաթղթերում նման բան ամրագրված չէ, ընդգծեց Սողոմոնյանը։

«Որևէ պաշտոնական բան ասել չեմ կարող, քանի որ սակագնի փոփոխման մասին պաշտոնական հայտ մենք չենք ստացել։ Այդ պատճառով չեմ կարող ասել նաև, թե արդյո՞ք գազը կարող է էժանանալ նաև մյուս քաղաքացիների և բիզնեսի համար», — ասաց նա։

Նույնը` էլեկտրաէներգիայի վերաբերյալ։ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը երկու շաբաթ առաջ հայտարարեց, որ «Տաշիր գրուպը», որը կառավարում է «Հայաստանի էլցանցերը», պատրաստ է իջեցնել սակագներն անապահով ընտանիքների համար 10 դրամով մեկ կՎտ/ժ-ի դիմաց։ Սակայն պաշտոնապես «Էլցանցերն» այդ մասին դեռ չւ հայտնել, իսկ սակագինն իջեցնելու համար չի դիմել։

«Այդ պատճառով էլ այս դեպքում ևս սակագինն իջեցնելը «Տաշիր գրուպի» իրավունքն է, սակայն ոչ նրա պարտականությունը։ Արդյո՞ք նրանք կօգտվեն այդ իրավունքից, իրենք պետք է որոշեն», — նշեց ՀԾԿՀ-ի փոխնախագահը։

Նկատենք, որ սակագներում արտացոլված է նաև եկամուտը, որը պետք է ստանա օպերատորը բոլոր ծախսերից հետո։ «Գազպրոմի» համար դա 10% է, «Էլցանցերի» համար` 14%։

Իսկ կարո՞ղ են արդյոք հոսանքն ու գազը պաշտոնապես էժանանալ։ Նոր կառավարության առաջարկների քննարկումները դեռ չեն ավարտվել։

Հերթը հասավ ջրին. կառավարությունը մտադիր է նվազեցնել ջրի սակագինը

«Ձեզ հայտնի ռիսկերը մնում են. կպահպանվի արդյոք Ռուսաստանից գազի սակագինը 150 դոլար խորանարդ մետրի համար, կարող է փոխվել արդյոք մոտակա ամիսներին արժութային փոխարժեքը», — հայտնեց նա։

Սակագնի համար լրացուցիչ բեռ է ստեղծում հայկական ԱԷԿ-ի հիմնանորոգումը. կայանն այս տարի երկու ամիս չի աշխատում (հունիս-հուլիս), ևս 5 ամիս աշխատում է հզորության կեսով (ապրիլի 15-ից հունիսի 1-ը, օգոստոսի 1-ից դեկտեմբերի 1-ը)։

Իսկ ջո՞ւրը։ Այն կարող է թանկանալ արդեն հաջորդ տարի։ Այս տարի, 2018 թվականին իշխանությունները չբարձրացրին ջրի սակագինը։ Սակայն դրա փոխարեն կառավարությունը վերադարձրել է օպերատորին (ֆրանսիական «Վեոլիա» ընկերությանը) կոնցեսիոն վճարը, որը ֆրանսիացիները վճարում են Հայաստանի ջրամատակարարման ցանցի կառավարման համար։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանը, 2018 թվականը պետք է ջրի տոտալ սուբսիդավորման վերջին տարին լինի։ 2019 թվականից օգնելու են միայն անապահով ընտանիքներին։

Անապահովների հարցը լուծվեց, մնացին ապահովները. ե՞րբ կնվազի էլեկտրաէներգիայի գինը

«Այստեղ ոչինչ ասել չեմ կարող։ Մենք հաստատում ենք սակագինը, իսկ կառավարությունը որոշում է սուբսիդավորելու հարցը ։ Ինչ վերաբերում է սակագնին, ապա հաստատված գրաֆիկ կա։ Ինչպես գիտեք, առաջին մի քանի տարվա ընթացքում սակագները պետք է աճեն, այնուհետև նվազեն», — ավելացրեց Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ տնային տնտեսությունների համար հոսանքի ցերեկային սակագինը 44.98 դրամ է, գիշերային սակագինը՝ 34.98: Սոցիալապես անապահով ընտանիքների համար գործում է ավելի ցածր սակագին. ցերեկայինը՝ 40 դրամ, գիշերայինը՝ 30:

Տնային տնտեսությունները գազ են ստանում 139 դրամով, անապահովները` 100։ Ինչ վերաբերում է բիզնեսին, ապա այստեղ սակագինը կախված է դոլարի փոխարժեքից։ Խոշոր սպառողները գազը ստանում են 242 դոլարով (ընթացիկ փոխարժեքով հաշվարկելու դեպքում), իսկ գյուղատնտեսական ձեռնարկությունները` 212 դոլարով։

Հանրապետությունում գազի և էլեկտրականության համար արտոնություններից օգտվում է մոտ 120 հազար անապահով ընտանիք (աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով)։ Գազի արտոնությունները գործում են նրանց համար, ովքեր տարեկան մինչև 600 խմ են սպառում։ Այս ծավալը գերազանցելու դեպքում ստիպված են վճարել սովորական սակագնով։ Այսինքն եթե մենք տարեկան 610 խմ ենք սպառում, ապա սովորական սակագին կվճարվի ոչ թե հավելյալ 10 խմ-ի դիմաց, այլ ամբողջ 610-ի։