«Մեղավորը հայկական մեղրն է». ԵՄ–ի «սիրտը» Հայաստանից արտահանվող քաղցրավենիք է ուզում

Եվրամիության ներկայացուցիչները վստահ են, որ ԵՄ–ի և Հայաստանի միջև հաստատվել է փոխշահավետ գործակցություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Հայաստանում օրգանական գյուղատնտեսական արտադրանքը շատ պահանջված է Եվրամիության երկրներում։ Այդ ցուցակում հատուկ տեղ ունի հայկական մեղրը։

Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Խոա Բին Աճեմյանը` պատասխանելով այն հարցին, թե Հայաստանն ինչ կարող է առաջարկել Եվրամիությանը։

«Հայաստանը Եվրոպային կարող է առաջարկել օրգանական մթերք։ Մենք աջակցում ենք Հայաստանում փոքր և միջին բիզնեսի մոտ 50 ներկայացուցիչներին Եվրոպայի երկրներ օրգանական մթերք առաքելու հարցում», — ասաց Աճեմյանը։

Նա նշեց, որ Երևանն արդեն իր ավանդն է արել ԵՄ երկրներում. սեպտեմբերին Փարիզում կկայանա ԹՈՒՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումը։

ԵՄ-ն էլ իր հերթին ավանդ ունի Հայաստանի կրթական համակարգում։ Մինչև այս տարվա վերջ ԵՄ աջակցությամբ Հայաստանում կվերանորոգվեն մոտ 8 դպրոց երկրի տարբեր անկյուններում։ Բացառված չէ, որ նոր դպրոց էլ կառուցվի։

ԵԱՏՄ անդամ լինելը չի խանգարում, որ Եվրոպան հարաբերություններ զարգացնի Հայաստանի հետ

«Մենք ուշադրությունը կենտրոնացնում ենք դպրոցներում տեխնոլոգիաների և գիտության զարգացման վրա։ Այդ ծրագրի ստարտափը կսկսվի Տավուշի թիվ 81 դպրոցից», — ասաց Աճեմյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ժամանակավորապես ուժի մեջ է մտել հունիսի 1-ից։

Երևանի և Բրյուսելի միջև Ասոցիացիայի մասին համաձայնագրի բանակցությունները սկսվել են 2010 թվականի հուլիսին, ինչը ներառում էր նաև ազատ առևտրի գոտու ստեղծում, սակայն 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը հայտարարեց ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին և հրաժարվեց ստորագրել այն։

2015 թվականին ԵՄ-ն և Հայաստանը բանակցություններ սկսեցին նոր համաձայնագրի շուրջ։ 2017 թվականի մարտին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրվել էր, իսկ նոյեմբերի 24-ին` ստորագրվել։