Էլեկտրաէներգիայի սակագինը մասնակի կփոխհատուցվի. «Տաշիր» խմբի հայտարարությունը

Փաշինյանի հետ քննարկումներից հետո ընկերությունն էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցում կանի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումների արդյունքում «Տաշիր» ընկերությունների խումբը որոշում է կայացրել ս.թ. հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցում` 1 կվտ/ժ-ի դիմաց 10 դրամի չափով՝ ամսական մինչև 250 կվտ/ժ ծախսից: Այս մասն նշված է ընկերության հայտարարության մեջ

Փոխհատուցումը կտրամադրվի «Տաշիր» ընկերությունների խմբի սեփական միջոցներից և կկազմի սոցիալապես անապահով ընտանիքների էլեկտրաէներգիայի ծախսի 25-ից 30 տոկոս:

Սոցիալապես անապահով խմբերին ցուցաբերվող աջակցությունը ընկերության սոցիալական ծրագրերի գերակա ուղղություններից է:

Ընդունված որոշումը դեռևս 2015-2016թթ. իրականացված ծրագրի տրամաբանական շարունակությունն է: Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոս ամսից մինչև 2016թ. հուլիսը մինչեւ 250 կվտ/ժ էլեկտրաէներգիա սպառող յուրաքանչյուր բաժանորդի՝ ՀՀ կառավարության եւ «Տաշիրի» կողմից պարիտետային սկզբունքով փոխհատուցում է տրամադրվել ավելացված սակագնի չափով: