Մանվել Գրիգորյանը կալանավորվեց

Առաջիկա երկու ամիսը ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը կանցկացնի կալանավայրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նախաքննական մարմնի միջնորդությունը։

«Մանվել, ի՞նչ արեցիր». ինչպես պատգամավորներն արձագանքեցին գեներալի արարքին. ֆոտոշարք

Միջնորդության հիմքում ներկայացվել էր այն հանգամանքը, որ ազատության մեջ մնալով` Մանվել Գրիգորյանը կարող է խոչընդոտել քննությանն ու ներգործություն ունենալ նախաքննության ընթացքի վրա։

ՀՀ գլխավոր դատախազն այսօր դատարանում իր ելույթում հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվելուց հետո կապ է հաստատել որդու հետ` նրան հրահանգելով Արմեն Հակոբյանին փոխանցել` ներկայանալ դեպքի վայր ու ամեն ինչ իր վրա վերցնել։ 30 րոպե անց, դատախազի խոսքով, Արմեն Հակոբյանը ներկայացել ու հայտնել է, որ տեղում պահվող ամեն ինչ պատկանում է իրեն։

Հիշեցնենք`ՀՀ ԱԺ-ն այսօր ՀՀ գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա հավանության է արժանացրել Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ իրականացնելու և նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու առաջարկները։

ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Մանվել Գրիգորյանի կինը փորձում է մաքրել հետքերը. տեսանյութ

Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր…

Մանվել Գրիգորյանը ձերբակալված է։ Նրան մեղադրանք է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի, Էջմիածին քաղաքի մի քանի հասցեներում գտնվող, իրեն պատկանող առանձնատներում պահելու, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար։

Մանվել Գրիգորյանն իրեն ներկայացրած մեղադրանքները չի ընդունում։