ՊՆ համարանիշներով «Ուրալի» վթարի հետևանքով 6 զինծառայող տեղափոխվել են հիվանդանոց

Ժամկետային զինծառայող վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Արարատի մարզում այսօր ՊՆ համարանիշներով «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել։ Ժամկետային 6 զինծառայող մարմանական վնասվածքներով տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, դեպքը տեղի է ունեցել ժամը 14։00-ի սահմաններում Լանջանիստ գյուղի վարչական տարածքում՝ Լանջանիստի ոլորաններում։ «Ուրալ» մակնիշի ՊՆ 8637 Շ համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ պատճառներով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել։

Վթարի հետևանքով 6 հոգի, որոնք բոլորը ժամկետային զինծառայողներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն։ Վեդի բժշկական կենտրոնի տնօրեն Մելքոն Տալոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում, ասաց, որ զինծառայողները լուրջ վնասվածքներ չունեին, բայց ստուգման կարիք կար, այդ պատճառով նրանց տեղափոխել են Երևանի Մուրացան զինվորական հոսպիտալ։

Փաստի առթիվ ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզելու են վարորդի և վիրավորների ինքնությունը։