Քրեական հեղինակության «արկածները» Երևանում. ծեծել է, առևանգել, սպառնացել

Երևանում մեկ տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մանրամասները պարզվել են, և այժմ հետախուզում են Վստրեչի Ապերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ հանցավոր աշխարհում քրեական հեղինակություն համարվող Ա. Վ.-ն կազմակերպել, ղեկավարել և անձամբ մասնակցել է զենքի գործադրմամբ տուժողի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության սպառնալիքով Գ. Հ.-ի առևանգմանը: Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշված է, որ Ա. Վ.-ն, կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու և Գ. Հ.-ին պատժելու նպատակով, նախնական համաձայնություն է ձեռք բերել մի խումբ անձանց հետ` վերջինիս առևանգումը կազմակերպելու համար:

Հիշյալ անձինք իրենց հանցավոր նպատակն իրագործելու դիտավորությամբ, Ա. Վ.-ի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ 2017թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ առևանգել են Գ. Հ.-ին և տեղափոխել Երևան քաղաքի բնակարաններից մեկը, որտեղ Ա. Վ.-ն ծեծի է ենթարկել վերջինիս և զենքով սպառնացել սպանել նրան:

Շուրջ 3 ժամ Գ. Հ.-ին անազատության մեջ պահելուց հետո Ա. Վ.-ն սպանության սպառնալիքի ներքո նրանից պահանջել է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը: Նույն օրը Գ. Հ.-ն մեկնել է ՀՀ-ից և վերադարձել 2018թ. ապրիլ ամսին:

Այս տարվա հունիսի 18-ին` Ա. Վ.-ն վերը նշված հանցավոր արարքի կատարման քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

ԶԼՄ–ների տվյալով` Ա.Վ-ն քրեական հեղինակություն Արամ Վարդանյանն է, նույն ինքը՝ Վստերչի Ապերը: