Հայաստանում կներեն ֆիզիկական անձանց հարկերի ու վարկերի տույժ ու տուգանքները

Համաներումը միանգամյա բնույթ է կրելու։ Այն լինելու է մեքենայի կամ տան վաճառքի հարկի ուշացման նաև սպառողական վարկի վճարումը ուշացնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Հայաստանում ֆիզիկական անձանց համար հարկերի ու վարկերի տույժ ու տուգանքների համաներում կհայտարարեն։ Այս մասին ասվում է Հարկային օրենսդրության փոփոխությունների մասին օրինագծում, որը քննարկվում էր այսօր խորհրդարանում։

ՊԵԿ–ը սկսում է հատ–հատ հաշվել սուպերմարկետների չվճարած հարկերը

Բանկերին հնարավորություն կտան ներել վարկերն ուշացնելու համար 2018 թվականի մայիսի 31–ից գոյացած տույժ ու տուգանքները։ Խոսքը միայն սպառողական վարկերի ու գոյացած տուգանքների մասին է։ Բանկերն ամեն դեպքում պահանջելու են, այդ թվում` դատարանի ու դատարանի աշխատակիցների միջոցով, հիմանական գումարն ու տոկոսները։ Սակայն անվճարունակ շահառուին ազատելով տույժ ու տուգանքներից` բանկը գոնե կարող է նրա հետ փոխզիջումային համաձայնության գալ։

Հիմա բանկերը կարող են ներել տույժ ու տուգանքները ու միաժամանակ դրանցից հարկ չվճարել։

Այնուամենայնիվ` ներումը միանգամյա, այլ ոչ թե մշտական է լինելու։

Եվս մեկ (նույնպես միանգամյա) զիջում նախատեսված է այն քաղաքացիների համար, որոնք տարեկան մեկից ավելի մեքենա կամ տուն են վաճառում։ Այդ դեպքում նրանք 10% եկամտահարկ են վճարելում, եթե ունեցվածքը վաճառում են ֆիզիկական անձանց (ոչ թե բիզնեսին), և 20%, եթե վաճառում են բիզնեսին։

Մի շարք քաղաքացիների մոտ կուտակվել են հարկային պարտքեր, որոնց ավելացել են տույժ ու տուգանքները։ Քաղաքացիներին հենց դրանցից կազատեն, սակայն միայն այն դեպքում, եթե հարկի հիմնական գումարը մարվի փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո 90 օրվա ընթացքում (նախատեսվում է, որ դրանք կընդունվեն առաջին ընթերցմամբ` հունիսի 20–ին)։