Փոքրիկ Գևորգը ռեկորդներ է գրանցում. լեգենդար Պելեն հետևորդ ունի Գյումրիում. տեսանյութ

9 տարեկան ֆուտբոլիստ Գևորգ Հայրապետյանը գերազանցել է իր ռեկորդը և մտադիր է արձանագրել այն Գինեսի ռեկորդների գրքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Փոքրիկ Պելեն` Գյումրու բնակիչ Գևորգ Հայրապետյանը, գերազանցել է սեփական ռեկորդը` ոտքով անընդմեջ գնդակին հարվածելով 10 հազար 800 անգամ։ Տեսանյութը, որում 9 տարեկան Գևորգը 1 ժամ 37 րոպե հարվածում է գնդակին, Facebook սոցիալական ցանցում հրապարակել է երեխայի հայրը` Սերգեյ Հայրապետյանը։

«Գինեսի ռեկորդը փաստացի արել ենք, մնաց գրանցելը», — տեսանյութին կից գրել է հայրը։

Գևորգի մասին սկսեցին խոսել անցած տարի համացանցում հրապարկված տեսանյութից հետո, որում նա 6 րոպեում 600 անգամ անընդմեջ հարվածում էր գնդակին։

Գևորգի սիրելի ֆուտբոլիստներն են Զինեդին Զիդանը և Հենրիխ Մխիթարյանը։

Տղան արդեն երկու տարի մարզվում է Գյումրու «Շիրակի» նախկին ֆուտբոլիստ Արա Մկրտչյանի մոտ։ Մարզիչը վստահ է, որ տղան կհասնի հաջողությունների բնածին տաղանդի և տքնաջան աշխատանքի շնորհիվ։

Գևորգը «Շիրակ» ակումբի մանկական թիմի առանցքային խաղացողն է։ Ֆուտբոլի նկատմամբ սերը չի խանգարում, որ նա նաև գերազանց սովորի դպրոցում։

Ֆուտբոլ է խաղում 5 տարեկանից և երազում է փառքի հասնել։ Իր նպատակին հասնելու համար նա ոչ միայն այցելում է Ֆուտբոլի ակադեմիա, այլ նաև մարզվում է հոր հետ։ Ֆուտբոլի հետ կապված ցանկացած մարզում կամ վարժություն մեծ հաճույքով և նվիրումով է անում։