ՌԱԴԻՈ

Բաբայան. «Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչումից զրկելու հարցը վաղ է քննարկել»

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում խոսեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ կապված աղմկահարույց դեպքի մասին` նշելով, որ տեղի ունեցածի վերջնական գնահատականը պետք է տա միմիայն դատարանը։
Sputnik
Դավիթ Բաբայան. միակ ելքն այն է, որ թափանցիկ դատավարության ժամանակ տարբեր մարդիկ հարցաքննվեն

Որևէ մեկին Արցախի հերոսի կոչումից զրկելու նախադեպ դեռ չի եղել, իսկ Մանվել Գրիգորյանին այդ կոչումից զրկելու թեման դեռ վաղաժամ է քննարկել, կարծում է Դավիթ Բաբայանը։

«Մեզ մոտ առ այսօր նախադեպ չի եղել, հետևաբար որպեսզի դա տեղի ունենա, ամեն ինչ պետք է արդեն ապացուցված լինի, իսկ դա ցույց կտա դատավարությունը»,- ասաց նա։

Բաբայանը նշեց, որ Գրիգորյանի հետ կապված դեպքերն, անշուշտ, շատ վատ տպավորություն թողեցին մարդկանց վրա, հասարակությունը տարակուսեց, բայց դա չի նշանակվում, որ պետք է առաջնորդվել զգացմունքներով։

«Նողկալի բաներ են տեղի են ունեցել, բայց նորմալ, քաղաքակիրթ երկրում դրա վերջնական գնահատականը պետք է տա միմիայն դատարանն ու ազատ, թափանցիկ դատավարությունը, որպեսզի ժողովուրդն էլ իմանա, թե ինչպես է այդ ամենը եղել, դրան արդարացում կա՞, թե՞ ոչ»,- ընդգծեց նա։

Բաբայանի խոսքով` երբ ամբողջ պատկերը պարզ լինի, նոր կարելի է անդրադառնալ Արցախի հերոսի կոչումից զրկելու հարցին։

Քանի որ դա չկա, նրա կարծիքով, ցանկացած նման երևույթ շահարկում կլինի և ինչ-որ տեղ ուղղորդիչ կհանդիսանա դատավարության ժամանակ, ինչն անթույլատրելի է։