Զեյնալյանը` ազատազրկման վայրերում մոլախաղերի, խմիչքի ու թմրանյութի մասին

ՔԿՀ–ներում վերահսկողությունը պետք է ուժեղացվի։ Արդարադատության նախարարը հանձնարարականներ է տվել նոր պետին ու պատասխանել հանրային գործչին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը քրեակատարողական ծառայության նորանշանակ պետ Արտյոմ Մխոյանին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել կառավարության որոշմամբ սահմանված քրեակատարողական հիմնարկներում ներքին կանոնակարգի պահանջները խստորեն պահպանելու ուղղությամբ՝ բացառելով ալկոհոլային խմիչքների և թմրանյութերի օգտագործումը, կալանավորված և ազատազրկված անձանց կողմից մոլախաղերով, ինչպես նաև նյութական կամ այլ շահ ստանալու նպատակով թույլատրելի խաղերով զբաղվելը և սահմանել շուրջօրյա խիստ վերահսկողություն:

Երևանում կալանավորներին ՔԿՀ-ներից դուրս չեն բերում. ինչու՞

Այս մասին նախարար Զեյնալյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառման մեջ`անդրադառնալով «Սևան» ՔԿՀ-ում տեղի ունեցած ինքնասպանության փորձի միջադեպին՝ որպես խաղից կրված գումարի պատճառի հետևանք:

Զեյնալյանը գրում է, որ «Սևան» ՔԿՀ-ում դատապարտյալի ինքնասպանության փորձը կանխվել է, փաստի կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: «Տեղի ունեցածի վերաբերյալ եզրակացություն անել հնարավոր կլինի միայն նախապատրաստված նյութերի արդյունքներն ուսումնասիրելով:

«Չժխտելով քրեակատարողական հիմնարկներում պարոն Սաքունցի կողմից բարձրաձայնված և բազմաթիվ այլ խնդիրների առկայությունը՝ ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ ոլորտում համակարգային բարեփոխումների իրականացումը հրատապ է և խիստ անհրաժեշտ»,– գրում է նախարարը` հավելելով, որ հետևողական է լինելու նշված դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը ու վճռական՝ առկա արատավոր երևույթներն արմատախիլ անելու հարցում: