Անպատժելիությունը մնացել է անցյալում. Արտակ Դավթյանի հայտարարությունը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը հայտարարություն է տարածել վերջին օրերի իրադարձությունների վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Մեր երկրում ձևավորված նոր պատմական իրավիճակում ռազմաքաղաքական ղեկավարության արմատական դիրքորոշումն է արդարության և օրինականության գերակայության ապահովումը, կոռուպցիայի, ամենաթողության ու անպատժելիության դեմ անզիջում պայքարը: Այս մասին նշված է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը հայտարարության մեջ։

«Վերջին օրերի աղմկահարույց իրադարձություններն անմասն չթողեցին նաև զինված ուժերը: Նմանօրինակ բացահայտումները ոչ միայն հասարակության շրջանում վստահության բարձրացման նախադրյալ հանդիսացան, այլև ազդակ՝ դրանց բացառման նպատակով սկզբունքային և հետևողական աշխատանքներ տանելու համար»,- հայտարարում է Դավթյանը:

Նա վստահեցնում է, որ զինված ուժերը՝ հավատարիմ մնալով իր առաքելությանը, հետայսու ևս անշեղորեն կիրականացնի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման սահմանադրական գործառույթը՝ օպերատիվ արձագանքելով ու անհաշտ պայքար մղելով անգամ աննշան թվացող իրավախախտումների դեմ: