3 զինծառայողի մահվան համար մեղադրանք է առաջադրվել զորամասի ինժեներական ծառայության պետին

Մայորի անփութության հետևանքով 3 զինծառայող ստացել են մահացու վիրավորում, ևս մեկը` ծանր վնասվածքներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս երեք զինծառայողի պայթյունաբեկորային մահացու վիրավորումներ ստանալու գործով մեղադրանք է առաջադրվել զորամասի ինժեներական ծառայության պետին (զորացրվել է 2018թ. փետրվարին):

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք` 2017 թվականի նոյեմբերի 21-ին մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, հակատանկային ականի պայթյունի հետևանքով պայթյունաբեկորային մահացու վիրավորումներ են ստացել նույն զորամասի զինծառայողներ՝ լեյտենանտ Գեղամ Կորյունի Զաքարյանը, շարքայիններ Սարգիս Գուրգենի Աբրահամյանը և Սարգիս Մհերի Մելիքյանը, իսկ շարքային Նարեկ Հայկի Հովեյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Զորամասի հրամանատարին շորթմամբ կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորվել է

Դեպքի առթիվ Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ականազերծում և ականապատում իրականացնող աշխատանքային խմբի ղեկավար է նշանակված եղել զորամասի ինժեներական ծառայության պետ Է.Գրիգորյանը՝ կոչումով մայոր, ով ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, չի կատարել իր վրա դրված պարտականությունները, ինչի հետևանքով աշխատանքները մանրակրկիտ պլանավորված և կազմակերպված չեն եղել:

Պարզվել է, որ ինժեներական աշխատանքներն իրականացվել են հանպատրաստից, այդ թվում՝ անձնակազմը չի տիրապետել ականապայթյունային միջոցների նյութական մասին, առաջադրված խնդրի կատարման կարգին, անվտանգության կանոններին և չի ունեցել ականապատման և ականազերծման միջոցների հետ վարվելու գործնական հմտություններ, մարտական վիճակում գտնվող հակատանկային ականները հանվել են ձեռքով` սուր ծայրով բահի միջոցով և տեղափոխվել ձեռքով, ականադաշտի տեղազննում չի իրականացվել, ականադաշտից հանվել են միայն երևացող ականները, հողի մեջ գտնվող ականները մնացել են տեղում, ականորսիչներ, ճանկիչներ և շոշափիչներ չեն օգտագործվել:

Արդյունքում՝ 2017թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, հակատանկային ականի պայթյունի հետևանքով պայթյունաբեկորային մահացու վիրավորումներ են ստացել նույն զորամասի երեք զինծառայող, ևս մեկը՝ վիրավորվել։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մայորին մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: