«Իմ քաջ զինվոր, դու ամենախիզախն ես». աշակերտի նամակը հայ զինվորին. գեներալի առանձնատնից

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է 3–րդ դասարանցի աղջնակի նամակը` գրված հայ զինվորին։ Այն հայտնաբերել են Մանվել Գրիգորյանի առանձնատնից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 2016թ.–ին 3–րդ դասարանում սովորող աղջնակի` հայ զինվորին գրված նամակը։ Նամակը հայտնաբերվել է ՀՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության ժամանակ։

«Իմ քաջ զինվոր, ես գիտեմ, որ դու ամենախիզախն ես այս աշխարհում։ Ներիր մեզ, իմ քաջ զինվոր և իմացիր՝ քո հայրենիքը սիրում է քեզ, ու կանգնած է քո թիկունքին։ Դու հաղթելու ես։

Դուխո'վ, Նատալիի պաշտպան իմ քաջ զինվոր։ Դուխով…»,–գրել է Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Էջմիածնում ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին ու տեղի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին, որը հայտնի է «Դոն Պիպո» մականունով։ Երկուսն էլ կասկածվում են ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ։

Եթե ապացուցվեցին մեղադրանքները, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի. Աշոտյան

Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի հատկանիշներով։

Ավելի ուշ ՀՀ ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանի առանձնատան հետախուզության տեսանյութը, որտեղ երևում էր, թե ինչպես է գեներալը յուրացրել 2016թ.–ին ապրիլյան քառօրյայի ընթացքում զինվորներին ուղարկված օգնությունը: Հայտնի դարձավ նաև, որ նա ահռելի քանակությամբ ապօրինի զենք-զինամթերքի է տիրապետում: