ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներն ու բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը առանձնատանը քնեցրել վագրին և արդեն տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի։
Հիմնադրամի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչ պայմաններում պահվել է գիշատիչ կենդանին, և ինչպես են մասնագետները քնեցնում նրան։
Sputnik Արմենիան ավելի ուշ տեսանյութ կհրապարակի անմիջապես Կենդանաբանական այգուց։
Նշենք, որ ավելի վաղ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հայտարարել էր, որ պատրաստ է սեփական միջոցներով կատարել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանատեսակների անվտանգ տեղափոխումը համապատասխան մասնագիտացված տարածք: Երևանի կենդանաբանական այգին էլ իր հերթին հայտարարել էր, որ պատրաստ է աջակցել Գրիգորյանի կենդանիների փրկությանը։
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կոչ էր արել Հայաստանի բնապահպաններին` գնալ, տեր կանգնել Մանվել Գրիգորյանի կենդանիներին, քանի որ պահածոների առգրավումից հետո նրանք կարող են սոված մնալ։