Մանվել Գրիգորյանի փաստաբանը հրաժարվում է նրան պաշտպանելուց

Այս մասին Հրանտ Անանյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջի միջոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Հունիսի 16–ին ձերբակալված ՀՀ ԱԺ պատգամավոր, գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանի փաստաբան Հրանտ Անանյանը հրաժարվում է նրա պաշտպանությունից։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջի միջոցով։

Ավինյանը կոչ է անում պաշտոնյաներին պատմել իրենց մերձավորների հանցագործությունների մասին

«Երեկ վարչապետի ելույթից, ինչպես նաև երեկոյան ԱԱԾ տեսանյութի հրապարակումից հետո եկել եմ անակնկալի, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պահին՝ խմբի կազմում ապօրինաբար զենք-զինամթերք պահելու կասկածանքից բացի, գործով առկա են այլ հանգամանքներ, որոնց մասին մինչ այդ տեղեկացված չեմ եղել, անգամ նախաքննության մարմինը նման կասկածանք առաջադրած չի եղել և նյութ չի տրամադրել։

Ներկա պայմաններում նպատակահարմար չեմ գտնում այլևս շարունակելու իրականացնել Մ.Գրիգորյանին իրավաբանական օգնություն ցույց տալը, և իմ առաջարկությամբ Մ.Գրիգորյանի համաձայնությամբ (ինչն օրենքով պարտադիր է) նախաքննության մարմինը քիչ առաջ արձանագրեց այդ փաստը, և ես դադարել եմ նրա պաշտպանը լինելուց»,–գրել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Էջմիածնում ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին ու տեղի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին, որը հայտնի է «Դոն Պիպո» մականունով։ Երկուսն էլ կասկածվում են ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ։

Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի հատկանիշներով։

Ավելի ուշ ՀՀ ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանի առանձնատան հետախուզության տեսանյութը, որտեղ երևում էր, թե ինչպես է գեներալը յուրացրել զինվորներին ուղարկված օգնությունը: Հայտնի դարձավ նաև, որ նա ահռելի քանակությամբ ապօրինի զենք-զինամթերքի է տիրապետում: