ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) պատրաստ է սեփական միջոցներով կատարել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանատեսակների անվտանգ տեղափոխումը համապատասխան մասնագիտացված տարածք: Հիմնադրամն այս մասին հաղորդագրություն է տարածել Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Կենդանիների բուժզննումից և հիվնանդությունների ախտորոշումից հետո կորոշվի նրանց մշտական բնակության վայրը, որը ՀՀ տարածքում կարող է լինել Երևանի կենդանաբանական այգին, Վայրի բնության փրկարար կենտրոնը (CWR) և/կամ արտասահմանյան այլ մասնագիտացված կենտրոն՝ ըստ առկա ներուժի»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիմնադրամի անձնակազմը հարկ է համարել նշել, որ վայրի կենդանիների պահումն անհատներին պատկանող տարածքներում պետք է արգելվի օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով կենդանու բարեկեցության ապահովման միջազգային նորմերը:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում է 2002թ-ից: