Եթե ապացուցվեցին մեղադրանքները, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի. Աշոտյան

Արմեն Աշոտյանը չի ուզում, որ խախտվի անմեղության կանխավարկածը, ոչ էլ քաղաքական գնահատականներ հնչեն, բայց խորը ցավ է ապրում կատարվածի նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի։ Ֆեյսբուքյան իր էջում այսպես է նկարագրել ԱԱԾ–ի կողմից ներկայացված գեներալ Մանվել Գրիգորյանի տան խուզարկության տեսանյութը ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Աշոտյանը Փաշինյանին մեղադրում է հրապարակային և հանրային ճնշում ձևավորելու համար

«ԱԱԾ-ի կողմից ներկայացված տեսանյութից հետո կարող եմ միայն հետևյալն ասել։ Շատ ծանր եմ տարել, ցավ ու կսկիծ ապրել յուրաքանչյուր կասկածանքով ու մեղադրանքով, որ կապված է ապրիլյան պատերազմի ժամանակների հետ։ Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի։

Չեմ ուզում, որ խախտվի անմեղության կանխավարկածը, ոչ էլ քաղաքական գնահատականներ հնչեն ի հայտ եկած նոր հանգամանքներին։ Խնդիրը այլևս բացառապես իրավական դաշտում է։

Աստված պահապան Հայ զինվորին»,–գրել է Աշոտյանը։

Նշենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից հետո, որտեղ նա բանավոր ներկայացրել էր Մանվել Գրիգորյանի նկատմամբ ԱԱԾ կասկածները, Արմեն Աշոտյանը նրան մեղադրել էր հրապարակային և հանրային ճնշում գործադրելու մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Էջմիածնում ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին ու տեղի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին, որը հայտնի է «Դոն Պիպո» մականունով։ Երկուսն էլ կասկածվում են ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ։

Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի հատկանիշներով։

Ավելի ուշ ՀՀ ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանի առանձնատան հետախուզության տեսանյութը, որտեղ երևում էր, թե ինչպես է գեներալը յուրացրել զինվորներին ուղարկված օգնությունը: Հայտնի դարձավ նաև, որ նա ահռելի քանակությամբ ապօրինի զենք-զինամթերքի է տիրապետում: