ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի կարգադրությամբ Կենդանաբանական այգու մասնագիտական անձնակազմը, միանալով FPWC հիմնադրամի նախաձեռնությանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ համատեղ, ուղևորվում է Էջմիածին՝ կենդանիներին մասնագիտական հնարավոր բուժօգնություն ցուցաբերելու և Երևանի կենդանաբանական այգի տեղափոխելու նպատակահարմարությունը պարզելու համար:
Երևանի կենդանաբանական այգին իրականացնում է նախապատրաստական աշխատանքներ՝ ապահովելու կենդանիների հետագա խնամքն ու կեցությունը Կենդանաբանական այգում:
Հիշեցնենք, որ Երևանի կենդանաբանական այգին, որի գործունեության կանոնադրական հիմնական նպատակներից է վայրի կենդանիների պահպանումը, հանձինս իր անձնակազմի, պատրաստակամություն է հայտնում աջակցել « Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» (FPWC) նախաձեռնությանը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանիներին մասնագիտացված համապատասխան վայր անվտանգ տեղափոխելու գործում:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, ապօրինի զենք-զինամթերք և զինվորների համար նախատեսված պարենամթերք պահելու մեղադրանքով։ ՀՀ կառավարության հունիսի 18-ի նիստում որոշում կայացվեց հունիսի 19-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ, որում քննարկման կդրվի պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:
Կառավարության որոշման մեջ նշվում է, որ արտահերթ նիստում քննարկման կդրվի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագիրը: Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Պատգամավորի ձերբակալության մասին համապատասխան կարգով տեղեկացվել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները: Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի:
Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր… Գրիգորյանն այս պահին ձերբակալված է։ Նրա որդին` Կարեն Գրիգորյանը, հրաժարվել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից։