Մանվել Գրիգորյանի որդին հրաժարվեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից

Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում, կեսգիշերն անց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական է տվել: Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում: Հիշեցնենք, որ Կարեն Գրիգորյանն ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության անդամ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է:

«Ես` Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը` իմ կամքով»,-ֆեյսբուքյան իր էջում, կեսգիշերն անց գրել է նա։

Հիշեցնենք, որ մի քանի օր է Էջմիածնում բողոքի ակցիաներ էին ընթանում՝ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով: Հունիսի 17-ին Կարեն Գրիգորյանը հանդիպեց Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ, որից հետո հայտարարեց էր, որ շարունակելու է պաշտոնավարել։

Ավելի ուշ ՀՀ ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանի առանձնատան հետախուզության տեսանյութը հրապարակեց, որտեղ երևում էր, թե ինչպես է գեներալը յուրացրել զինվորներին ուղարկված օգնությունը: Հայտնի դարձավ, որ նա նաև ահռելի քանակությամբ ապօրինի զենք-զինամթերքի է տիրապետում:

Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության անհավանական արդյունքները. ԱԱԾ-ի տեսանյութը

Հիշեցնենք նաև, որ հունիսի 16-ին Էջմիածնում ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին ու տեղի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին, որը հայտնի է «Դոն Պիպո» մականունով։ Երկուսն էլ կասկածվում են ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ։

Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի հատկանիշներով։

Հունիսի 17-ի առավոտից Մանվել Գրիգորյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացրել Երևանի փողոցներում։ Ակցիան մեկնարկել է ԱԱԾ շենքի դիմաց։

Այնուհետեւ ակցիայի մասնակիցները երթով հասել են մինչև Նոր նորքի 4-րդ զանգված, որտեղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի ու Նոր Նորքի նստավայրում տեղի էր ունենում Մանվել Գրիգորյանի պաշտպանի բողոքի քննությունը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, մերժել էր Մանվել Գրիգորյանի փաստաբանների` խափան միջոցը փոխելու պահանջը։