«Ծառուկյան» խմբակցության նոր պատգամավոր կարող է դառնալ Դավիթ Հարությունյանը

Հայաստանի արդարադատության նախկին նախարարի անվանակիցը կարող է մտնել խորհրդարան մանդատից հրաժարված Մերուժան Սիմոնյանի փոխարեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Մերուժան Սիմոնյանը վայր է դրել պատգամավորի մանդատը։ Հրաժարականի մասին դիմումը նա ստորագրել է մեկ շաբաթ առաջ և հետ չի կանչել այն, ուստի սահմանված ժամկետում այն ուժի մեջ է մտել։ Այսօր դիմումը ստորագրել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը։

Լուրերի համաձայն` Սիմոնյանը հավակնել է Սյունիքի մարզպետի պաշտոնին, բայց մարզպետ է դարձել Կարեն Համբարձումյանը` Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան (նույնպես «Ծառուկյան» դաշինքի անդամ)։

Քանի որ Սիմոնյանն ընտրվել է տարածքային շրջանից, նրա փոխարեն պետք է խորհրդարան գնա ոչ թե համամասնական ցուցակով հաջորդ մարդը, այլ այդ շրջանում (Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր) «ծառուկյանականների» ցուցակով հաջորդը։ Այնտեղ երկրորդ տեղն է զբաղեցրել Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը։