«Պոլոնեզների» հարցում Բելառուսի արձագանքը Հայաստանին չի բավարարել. ԱԳՆ

Երևանին չի բավարարում Մինսկի դիրքորոշումը Ադրբեջանին բելառուսական ՀԿՌԿ վաճառելու հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Հայկական կողմը բավարարված չէ «Պոլոնեզ» համակարգերն Ադրբեջանին վաճառելու թեմայով Հայաստանի դիրքորոշման հետ կապված Բելառուսի արձագանքով, ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

«Հանրային և ոչ հանրային աշխատանք է տարվում բելառուսական կողմի հետ։ Այն արձագանքը, որը ստացել ենք նրանցից, մեզ չի բավարարում», – ասաց Բալայանը։

Հայ պաշտոնյան Բաքվին մատակարարված զենքի հարցով դիմել է Բելառուսի դեսպանին

Բալայանը տեղեկացրեց, որ իրենք շարունակում են աշխատել տարբեր դիվանագիտական մակարդակներում ու ուղղություններով։

ՄԻ քանի օր առաջ ԱԱԾ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ հանդիպմանը հայտնել էր Երևանի մտահոգությունը` Բելառուսի Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված։

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ–ն հայտնել էր, որ նախագահ Իլհամ Ալիևը ծանոթացել է Ադրբեջանի բանակի սպառազինությունը համալրած «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերին։

Դրանք նախատեսված են հակառակորդի ցանկացած խմբային կամ կետային թիրախներին, կենդանի ուժին ու տեխնիկային հարվածելու համար։ Իր ռազմավարական ու մարտավարական բնութագրերով գերազանցում է ռուսական անալոգներին։ Մասնավորապես` «Սմերչ» համալիրի կրակոցների հեռավորությունը 90 կմ է, իսկ «Պոլոնեզներինը»` 50-ից 200 կիլոմետր և ավելի։

Լուրերն այն մասին, որ Մինսկն Ադրբեջանին «Պոլոնեզ» է մատակարարելու, վաղուց են շրջանառվում` դեռ այն ժամանակից, երբ Հայաստանը Ռուսաստանից «Իսկանդեր» հրթիռային համալիրներ էր ստացել։