Բաբլոյանը դիմել է խորհրդարանական ուժերին

ԱԺ նախագահն առաջարկում է աշխատանքային խումբ ստեղծել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դիմել է խորհրդարանական խմբակցություններին և առաջարկել է սկսել Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները։ Այս մասին նշված է ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքում։

«Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին հանգուցալուծում տալու անհրաժեշտությունը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դիմել է ՀՀ ԱԺ խմբակցություններին՝ առաջարկելով Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների մեկնարկի համար ձեւավորել աշխատանքային խումբ»,- ասված է հայտարարության մեջ։

ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցություններն արդեն իսկ հանդես են եկել արտահերթ ընտրությունների նախապատրաստմանն ընդառաջ ընտրական օրենսգիրքն ու ընտրական ինստիտուտները բարեփոխելու առաջարկով։

ՀՀԿ-ն, որ նախապես չէր ընդունում այս առաջարկը, հայտարարել է, որ կմասնակցի գործընթացին։

Վարչապետ Փաշինյանը հեղափոխական ու հետհեղափոխական ժամանակահատվածում մշտապես հայտարարել է, որ իր նպատակն է հիմքեր նախապատրաստել արտահերթ ընտրությունների համար, իսկ «Ծառուկյան» դաշինքում չեն թաքցնում, որ վարչապետի դերում տեսնում են իրենց ղեկավար Գագիկ Ծառուկյանին։

Հունիսի 7-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արտահերթ ընտրությունները կանցկացվեն առաջիկա 1 տարվա ընթացքում։