Դանակահարություն Հյուսիսային պողոտայում. վիրավորներից մեկն անվտանգության ծառայող է

Ոստիկաններին հաջողվել է պարզել կասկածյալի ինքնությունը, աշխատանքներ են տարվում նրան գտնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Երևանի Հյուսիսային պողոտայում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Դանակահարություն Աբովյանում. 26–ամյա երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հունիսի 16-ին։ Ժամը 08։00-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի, ձախ թուլակողի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և «կրծքավանդակի հետին մակերեսի և որովայնի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի բնակիչներ՝ 33-ամյա Մովսես Հ.-ն և 22-ամյա Գևորգ Հ.-ն։ Մինչ բժիշկները կպայքարեին վիրավորների կյանքի համար, ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունը։ Նա Երևանի բնակիչ, 29-ամյա Վարազդատ Հ.-ն է. ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Մովսես Հ.-ն հիվանդանոցում հայտնել է, որ ինքը Երևանում գործող ակումբներից մեկի անվտանգության ծառայողն է։