«Շիրակ» ակումբի անդամակցությունը Ֆուտբոլի ֆեդերացիային կասեցվել է

ՀՖՖ–ն անընդունելի է համարել «Շիրակի» պայմանավորված խաղի կազմակերպման մեջ ներգրավվածության, արբիտրաժային վեճը ընդհանուր իրավասության դատարանների միջոցով լուծելու, ինչպես նաեւ ՀՖՖ հեղինակությունն ամեն գնով վարկաբեկելու փորձերը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի  գործկոմի հերթական նիստում կասեցվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի անդամությունը ՀՖՖ–ին։

Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից։

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները պահանջում են Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը

«Գործադիր կոմիտեի անդամները քննարկեցին «Շիրակ» ՖԱ-ի կողմից  ՀՖՖ–ի,  ՖԻՖԱ–ի և ՈւԵՖԱ–ի կանոնադրությունների ու կանոնակարգերի բազմակի և կոպիտ խախտումների հարցը, մասնավորապես՝ պայմանավորված խաղի կազմակերպման մեջ ներգրավվածության, արբիտրաժային վեճը ընդհանուր իրավասության դատարանների միջոցով լուծելու, ինչպես նաեւ ՀՖՖ հեղինակությունն ամեն գնով վարկաբեկելու փորձերը: Անընդունելի համարվեց «Շիրակ» ՖԱ-ի նման վարքագիծը եւ միաձայն որոշվեց կասեցնել վերջինիս ՀՖՖ անդամությունը և անդամության դադարեցման հարցն ընդգրկել ՀՖՖ առաջիկա հերթական Ժողովի օրակարգ»,–ասված է հաղորդագրության մեջ։

ՀՖՖ գործադիր կոմիտեն նաև որոշել է որպես անկախ աուդիտոր առաջարկվել հաստատմանը ներկայացնել ՀՖՖ բազմամյա գործընկեր «Բեյքեր Թիլլի» ընկերությանը։ Գործադիր Կոմիտեն քննարկել է նաև ՀՖՖ հետևյալ անդամների «Միկա» ՖԱ ՀԿ-ի, «Ուլիս» ՖԱ ՀԿ-ի, «Արմավիր» ՖԱ ՀԿ-ի, «Ֆուրման Աբրահամյան» ՖԱ ՀԿ-ի, «Հայ-Արի» ՖԱ ՀԿ-ի, «Էսթեղլալ-Կոտայք» ՖԱ ՀԿ-ի և «Զվարթնոց ՀԱՈՒ ՖԱ» ՀԿ-ի ՀՖՖ անդամությունը  դադարեցնելու հարցը եւ առաջարկեց այն ընդգրկել ժողովի օրակարգում: